Կ. Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ՀՀԿ-ն է (տեսանյութ)
«Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը , մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք և այդ մեկ քաղաքական թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան: Եվ, ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այդպես նաև այսօր, միանշանակ, վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ևս լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բնականաբար պարոն վարչապետը կունենա, ինպես Սերժ Սարգսյանն ասեց՝ լուրջ գործառույթներ, նաև ազատություն, որպեսզի իրականացնի և կյանքի կոչի այն իդեաները, որի համար նշանակվել է վարչապետ»,-ասաց ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին, Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ: Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են նաև ԱԺ նստաշրջանի մեկնարկին, ինչպես նաև ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին։ «Երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ, ընդդիմության եւ իշխանության միջեւ վերաստորագրվեց ընտրական փոփոխությունների հուշագիրը։ Պետք է ամեն ինչ անենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ մեր հանրության վերաբերմունքը լինի բարձր»,- ասել է Շարմազանովը: