4+4+4 ձևաչափով աշխատանքային խմբի անդամների ստորագրած համաձայնագրի տեքստը

4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին փաստաթղթի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն:

Նիստի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացնելով հայտարարության վերաբերյալ, այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային լինել եւ բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը:

                                                   Հայտարարություն 

Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից կողմերը՝

– կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,

– գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ,

– նկատի ունենալով ՀՀ կառավարության հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հինգ խմբակցության եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջեւ կայացված քաղաքական համաձայնությամբ նախատեսված ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ,

– ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով,

հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետեւյալ դրույթները եւ միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր եւ օրենսդրական փոփոխություններ.

1. Կվերականգնվի ընտրողների ցուցակում քվեարկողի կողմից ստորագրման պարտականությունը՝ ընտրողների ստորագրած ցուցակների լիարժեք ձեւավորման նպատակով:

2. Քվեարկության ավարտից հետո ցուցակների փաթեթավորումից հետո դիտորդներին, վստահված անձանց եւ թեկնածուներին կտրամադրվի կնիքով եւ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ էլեկտրոնային սարքի տեղեկանքը, որում պետք է նշված լինեն համապատասխան ընտրատարածքի եւ տեղամասի համարները, ցուցակում քվեարկությանը մասնակցած ընտրողի հերթական համարը:

3. Քվեարկության մասնակիցների թիվն ընտրական տեղամասում հաշվարկելուց հետո (հաշվարկն իրականացվում է ընտրողների ստորագրած ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա) ցուցակները (բացի զինվորականների ցուցակից) փաթեթավորվում են առաձին փաթեթում, որը կնքվում է: Փաթեթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը: Փաթեթի վրա կարող են ստորագրել նաեւ վստահված անձինք, հանձնաժողովի մյուս անդամները: Փաթեթավորած ցուցակները մյուս ընտրական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից, սկսում է բոլոր ցուցակների սկանավորման գործընթացը: Այդ աշխատանքներին կարող են մասնակցել թեկնածուները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Ցուցակները հանվում են պարկերից, սկանավորվում (առնվազն 300 dpi որակով) եւ ձեւավորվում են PNG կամ PDF ֆայլեր, որոնք ոչ ուշ, քան աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պետք է հրապարակվեն ԿԸՀ-ի կայքի առանձին բաժնում` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների եւ ընտրական տեղամասերի՝ կայքում ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների եւ ընտրական տեղամասերի համարների որոնման հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներում առկա բոլոր տեղեկությունները (բացառությամբ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների) պետք է հստակորեն տեսանելի լինեն: Նշվածը պաշտոնական հրապարակում է: Ցուցակները տեղադրվում են այնպես, որպեսզի հնարավորություն լինի ներբեռնման եւ կայքից տպագրման:

5. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը,

2) ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների) համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն,

3) վստահված անձը,

4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,

5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:

6. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` քվեարկությունից հետո մինչեւ երրորդ օրը՝ ժամը 11.00-ն: Դիմումները պետք է ներկայացվեն տարանջատված` ըստ ՀՀ-ից բացակայող անձանց եւ ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց:

Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժվում է, եւ դիմումն ըստ էության չի քննվում:

7. Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքների, մասնավորապես հավաստիության կանխավարկածի սկզբունքի պահպանմամբ:

8. ՀՀ-ից բացակայող անձանց վերաբերյալ դիմումները քննելիս տարածքային հանձնաժողովը պարտադիր՝

ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ, եւ վարույթն այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ եւ վարույթը այդ մասով կարճվում է:

բ. պարզում է՝ արդյոք նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է:

գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված եւ նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաեւ, թե արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:

Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եւ ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:

Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն:

Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաեւ իրավապահ մարմիններ:

9. Այլ անձանց փոխարեն քվեարկության վերաբերյալ դիմումների առանձնահատկությունները (ստորեւ ներկայացված լուծումները նպատակ են հետապնդում նաեւ երաշխավորելու ընտրական գործընթացը ձախողման հնարավորության (դիտավորության) կանխարգելումը).

Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որեւէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել եւ նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաեւ գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Դիմումը եւ հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու եւ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձեւաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) եւ պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով եւ ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տեսքով եւ ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ եւ ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, եւ բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված եւ ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:

10. Այլ անձանց փոխարեն քվեարկության բացառման (կանխարգելման) նպատակով որպես լրացուցիչ երաշխիքներ՝ կիրականացվի քրեական օրենսգրքի՝ ընտրական հանցագործություններին վերաբերող հոդվածների վերանայում պատժի արդյունավետությունն ու արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում՝

ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաեւ երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում? 1-3 տարի ժամկետով,

բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ՝ «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 150-րդ հոդվածի սանկցիաներին,

դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաեւ որպես լրացուցիչ պատիժ՝ սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով,

ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` «այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 153-րդ հոդվածի սանկցիաներին,

զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար որպես լրացուցիչ պատիժ՝ պետք է սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում? 1-3 տարի ժամկետով,

է. 154.6-րդ հոդվածում որպես լրացուցիչ պատիժ՝ պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:

11. Էլեկտրոնային սարքերով քվեարկողներին գրանցելու համար նախատեսված սարքերի տեխնիկական սպասարկման համար տեխնիկական մասնագետների ընտրությունը կկազմակերպվի թեստավորման միջոցով, որին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի: Կնախատեսվեն նաեւ մեխանիզմներ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին չներկայացած կամ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող մասնագետների պատասխանատվության եւ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն աշխատանքների կատարումից հրաժարված մասնագետներին փոխարինելու վերաբերյալ:

12. Դոնոր կազմակերպությունների փորձագետներին հնարավորություն կտրվի աուդիտի ենթարկել ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանը՝ սույն համաձայնագրի 14-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով:

13. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ կիրականացվի հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում՝ գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի եւ գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու է 14-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը կտրամադրվեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով՝ պատճենահանման ինքնարժեքի դիմաց: Տեսանկարահանված նյութերն արխիվացվում եւ պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգին համապատասխան:

14. Տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում:

15. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) եւ դրանցից որեւէ մեկից հրաժարումը կամ չկիրառելը որեւէ կողմի նախաձեռնությամբ կարող է հանգեցնել ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:

16. ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում եւ ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչեւ ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:

17. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաեւ այլ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, կարեւորելով 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սույն Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Նաիրա Զոհրաբյան 

Մհեր Շահգելդյան 

Լեւոն Զուրաբյան 

Արամ Մանուկյան

storagrum-3 storagrum-2 storagrum-1