Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա երիտասարդը քարով հարվածել է 46 ոստիկանի (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-1

Խորենացի փողոցում բողոքի ակցիայի մասնակից  23- ամյա Սոսո Մարգարյանը հուլիսի 20-ից անազատության մեջ է։ «Ըմբոստանալու պատճառով, որովհետեւ մասնակցել է ցույցերին»,- «Ա1+»-ին ասաց նրա հայրը՝ Իշխան Մարգարյանը: Երիտասարդին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։  Մինչդեռ ինքն է վիրավորվել այդ օրը։ «Ունեցել է մարմնական վնասվածքներ, որը մինչեւ հիմա պատշաճ չի մշակվել, մինչեւ հիմա բեկորի մի մասը մնացել է ոտքի մեջ,, բեկորներից մեկը դուրս է եկել, դա իր մոտ է,  մինչեւ հիմա դատաբժշկական փորձաքննություն չի անցել»,- ավելացրեց   Իշխան Մարգարյանը: soso Փաստաբանական  20 տարվա  փորձ ունեցող Արա Զաքարյանին զարմացրել են այն բացահայտ  կամայականությունները, որոնք թույլ  են տվել  քննչական մարմինը և դատախազությունը։    Գործով  նախաքննության ավարտ է  հայտարարվել, սակայն պաշտպանը ներկա չի եղել,  շատ քիչ ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար, ներկայացված բողոքները  չեն քննարկվել, նրանցից մեկը նույնիսկ դատախազին չի հասել:  «Գլխավոր դատախազի պաշտոնակատարին այս ամենի մասին ստիպված եղա տեղեկացնել՝ ցույց տալու համար, որ այս տիպի ապօրինություններ երբեք տեղի չի ունեցել: Ինչպես կարող է դատախազության  գրասենյակից դատավարական փաստաթուղթը անհետանալ : Ընդ որում իմ մոտ կա օրինակը, որ գրասենյակի աշխատակիցը ստորագրել է, որ սեպտեմբերի 2-ին    ստացել է համապատասխան բողոքը կից փաստաթղթերով»,- նշում է պաշտպան Արա Զաքարյանը: Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա նույնիսկ պաշտպանի համար է անհասկանալի, թե ինչում է մեղադրվում Սոսո Մարգարյանը:  Նա կարդում է  մեղադրական եզրակացությունը. «Բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ եւ քարեր նետել նրանց վրա, այդ անկարգությունների ընթացքում պաշտպանյալիս գործողության հետեւանքով ոստիկանության 46 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վնասվել է պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող ընդհանուր շուրջ 9 մլն 600 հազար դրամի գույքի վնաս»: Ի դեպ,  դատարանը չի քննել  նաեւ Սոսո Մարգարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ գործն արդեն ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: