«Սասնա ծռեր»-ին աջակցողի կալանքի ժամկետը երկարացվեց
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է եւս երկու ամսով երկարացնել «Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը: Նախաքննական մարմինը խափանման միջոցը երկարացնելու պատճառ նշել էր քննչական գործողություններ կատարելու փաստը: Պաշտպան Տիգրան Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, եւ մնալով կալանքի տակ՝ վիճակը կարող է ավելի վատանալ: Հիշեցնենք, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով երեկվա նշանակված դատական նիստը չէր կայացել: Բժիշկը եզրակացություն էր տվել, որ 69-ամյա Խաչատուր Գիչյանը չի կարող մասնակցել դատական նիստին: Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով: