Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից (տեսանյութ)

Քաղաքականություն
saritax16

Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական Լենե Վեթլանդը շատ զարմացած է ՀՀ իշխանությունների արձագանքի վրա՝ հուլիսի 17-30-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքի խոչընդոտման իմաստով: Այսօր «Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների» կազմակերպությունը եւ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Protection of Rights without Borders կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչության հետ, ներկայացրեց Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում կազմած զեկույցը: Զեկույցն ամփոփում է տվյալներ, որոնք ձեռք են բերվել հուլիսի 28-օգոստոսի մեկը Երեւանում կատարած փաստահավաք աշխատանքի արդյունքում: Զեկույցն ամփոփում է 42 տուժածի եւ ականատեսի վկայություն: Լենե Վեթլանդի խոսքերով՝  հուլիսի 17-30-ը ՀՀ իշխանությունները ոչ մարդկային հալածանք, խաղաղ ցույցերի խոչընդոտում իրականացրին Երեւանում. «Իշխանություններն իրավունք չունեին նման վերաբերմունք ցուցաբերել, անգամ եթե ցուցարարները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել: Կար օրենքի անհամապատասխանություն. Ոստիկաններն անգամ ներխուժել են խաղաղ բնակիչների տներ ու անմարդկային վերաբերմունքի արժանացրել նրանց: Եղել են անհիմն ձերբակալություններ, չեն ներկայացվել հիմքերը, ձերբակալումից հետո ցուցարարներին չի տրամադրվել իրավաբանական օգնություն: Անգամ ցուցարարների պասիվ դիմադրությունը պետք է համարվի խաղաղ ցույց: Անգամ եթե իրեր են նետել ոստիկանության ուղղությամբ, այդ դեպքում անգամ չպետք է ցույցը որակել ոչ խաղաղ»: Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր Սվետլանա Վալկոնն իր խոսքում ընդգծեց՝  ոստիկանները եղել են ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով եւ գտնվել են ցուցարարների մեջ. «Անգամ, երբ ցուցարարները խաղաղ վիճակում էին,  ոստիկանները շատ բուռն արձագանք տվեցին նրանց ծափահարություններին: Ցույցերի ժամանակ մի քանի տեսակի ռումբ է օգտագործվել ցուցարարների նկատմամբ: Ես եւս կարող եմ փաստել՝ ցույցերը եղել են խաղաղ, քանի որ մարդիկ եկել են անգամ իրենց երեխաների հետ»: Ըստ նրա՝ ինչպես Էլեկտրիկ Երեւանի պարագայում, այնպես էլ հուլիսի 17-30-ը ձերբակալում էին այն ակտիվիստներին, որոնք կարող էին կազմակերպված ընթացք տալ ցույցին»: Protection of Rights without Borders կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ելույթը, երի ժամանակ նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությունից՝ լավ աշխատանքի համար. «Կարծում եմ՝ սա հնարավորություն է տալիս կանխագուշակելու, թե ինչ ելք կունենա  իրավապահ մարմինների քննությունը: Ի դեպ, քննությունն իրականացվում է երկու տարբեր մարմինների կողմից՝ ՀՔԾ, որը քննում է ոստիկանության օրինականությունը, եւ Քննչական կոմիտեի կողմից, որը քննում է հավաքների ժամանակ տեղի ունեցած անկարգությունները: Փաստագրական իմաստով որեւէ տարբերություն չկա այս երկու քննության միջեւ՝ մի տեղ մարդիկ վկաներ են, մյուս տեղում՝ տուժողներ»: Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նորընտիր նախագահ Նինա Կարապետյանցը մինչ իր դիտարկումները ներկայացնելը, փոքրիկ ֆլեշ-մոբ արեց՝ նվիրված Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի հիշատակին: Նա նշեց, որ այս զեկույցը եւս նրա հիշատակին է նվիրված, ինչպես նաեւ՝ տեղեկացրեց, որ Միքայել Դանիելյանի հարազատներից  խնդրել են նրա վերնաշապիկներից, որոնք էլ Ասոցիացիայի մի քանի անդամներ հագան հենց զեկույցի ներկայացման ժամանակ: Նինա Կարապետյանցի ներկայացմամբ՝ հուլիսի 17-30-ը արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել՝ բացառությամբ լրագրողների նկատմամբ իրականացված բռի ու դաժան վերաբերմունքի. «Մնացած դեպքերում որեւէ արտառոց ու անակնկալ դեպք իշխանությունների կողմից չի եղել. ամեն ինչ նույնն էր: Ձերբակալվածներն այնքան շատ էին, որ ոստիկանակական բաժանմունքները լցված էին, նրանց տեղափոխել են անգամ դպրոցներ ու զորամասեր, որտեղ ձերբակալվածները անգամ զրկված են եղել պետքարանից օգտվելու իրավունքից, ջուր խմելու հնարավորությունից: Նա ընդգծեց՝ ըստ Ոստիկանության մասին օրենքի, հատուկ միջոցները նախատեսված են ոչ թե մարդկանց վնասելու, այլ վախեցնելու համար, որպեսզի մարդիկ թողնեն տարածքից, հեռանան: Մինչդեռ բոլոր կադրերում ակնհայտ էր, որ կրակում էին այնտեղ, որտեղ շատ մարդիկ էին կանգնած, նույնիսկ տուժել են այն մարդիկ, որոնք շատ հեռու էին կանգնած»: