Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանից է գալիս վտանգը» (տեսանյութ)

Քաղաքականություն
hacpanyan

ԵՏՄ անդամակցությունը մեզ ոչինչ չի տվել. տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան  Սարգիս Հացպանյանին զարմացնում է այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ  հայտարարում է, որ դա իր  տնտեսական շահերից է բխում: «Ռուսաստանը գալիս է այստեղ, իր նախարարի բերանով  ասում է` լավ եմ անում, զենք եմ վաճառում Ադրբեջանին, եւ դա իմ տնտեսական շահերից է բխում:  Եւ դա ասում է այստեղ  եւ այդ մարդուն persona non grata չեն հայտարարում, չեն ասում այստեղից գնա եւ այլեւս այստեղ չերեւաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սարգիս Հացպանյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը   չի կարող նույն բանը անել  Թուրքիայում, Ադրբեջանում, ինչը մեզ հետ է անում: «Ռուսաստանը մեզանից կարծիք չի հարցնում, ինքը թելադրողի կարգավիճակում է, մենք էլ` չափից դուրս հպատակի:  Դարձել ենք Ռուսաստանի գուբերնիայի ոլորտում մի մարզ, ոչ թե անկախ միավոր: Սա ափսոսալով եւ ցավ ապրելով եմ ասում, որովհետեւ անկախության 25-ամյակին մնացել են օրեր, եւ մենք չկարողացանք պետություն կերտել: Սա ամոթալի, ցավալի լուսանկարն է, ինչ ուզում եք՝ ասեք»,- այսօր հայտարարեց նա: Նրա խոսքերով՝  տարածաշրջանում  եթե կա մեկը, որ կորուստի կենթարկվի, մենք ենք. «Ռուսաստանից է վտանգը, եւ Ռուսաստանի դիրքորոշումը արցախյան խնդրում ի վնաս հայերի է»: