Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը»

Տնտեսություն
Ashot-Exiazaryan

ՀՀ հիմնական կորուստը ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բաց թողնել էր, որը բացի այլ հնարավորություններից, Հայաստանը կդարձներ բարենպաստ երկիր ներդրումների համար եւ շատերի համար կամուրջ կլիներ՝ դեպի եվրոպական շուկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ներկայացնելով այն կորուստները, որոնք կրել է Հայաստանն այս միությանն անդամակցելով։ «Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության  երաշխիքներ էր տալիս Հայաստանին, նաեւ Ղարաբաղին, որից այժմ արդեն զրկվեցին: Մինչդեռ, ԵՏՄ անդամակցությունից հետո մեզ մոտ ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ անկում, ինչպես նաեւ՝ անկում է արձանագրվել արտաքին շրջանառության ոլորտում, ավելացել է պետական պարտքը՝ ավելի քան 700 միլիոն դոլարով: Մինչդեռ Հայաստանը կարող էր շատ ներդրողների համար իսկապես կամուրջ լինել»: Ի դեպ, այսօր լրանում է ՀՀ ԵՏՄ-ին անդամագրվելու 3-րդ տարին: Պաշտոնապես  Հայաստանն այդ կառույցի անդամ է 2015թ. հունվարի 2-ից: Ըստ նրա՝ անդամակցելով ԵՏՄ-ին ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը. «Այն, որ Հայաստանը պետք է կամուրջ լիներ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության. ՌԴ-ն քանդում, այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ: Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո: Իսկ դոլարային արտահայտությամբ տնտեսական անկում ենք ունեցել`ավելի քան 9 տոկոս: Անկում ենք արձանագրել արտաքին առեւտրի`արտահանման ոլորտում`4 տոկոսով եւ այլն: Առանց մաքսատուրքերի շրջանառությունն  էլ չի ապահովել սպասելիքները: Անցյալ տարի 61 միլիոն մաքսատուրքեր ենք հավաքագրել ընդամենը»: Նա համոզված է՝ ԵՏՄ–ն ձախողված ծրագիր է եւ ապագա չունի: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան վերջին հանդիման ժամանակ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճ է գրանցվել ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, Աշոտ Եղիազարյանին հիշեցրեց  ԵՏՄ փաստաթուղթը ստորագրելիս Վլադիմիր Պուտինի նույնատիպ հայտարարությունը. «Մինչդեռ փաստ է, որ նման աճ Հայաստանը չի ունեցել: Եթե որոշակի աճ եղել է, ապա դա ԵՏՄ-ի հաշվի չի եղել, այլ արտաքին պարտքի ավելացման, ներքին որոշակի կայունության եւ այլ գործոնների շնորհիվ»: