Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործիքի միջոցով կհայտնեն պաշտոնյաների անօրինական գործողությունների մասին

Հասարակություն
kor

«Կրթությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Իսկ ներկայումս կրթության կազմակերպումը՝ առանց արդի տեխոնոլիգիաների, դժվար է պատկերացնել»,- այս մասին այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը: «Հուշագիրը միայն սկիզբն է: Եվ այս համագործակցությունը կարող է ունենալ շոշափելի արդյունքներ և լինել հանրային կյանքը փոխող նախաձեռնություն»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Համագործակցությունն ուղղված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նպատակային քայլերի իրականացմանը: Ստեղծվելու և ներդրվելու են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներ և կառուցակարգեր` օգտագործելով ժամանակակից ինֆորմացիոն և անվտանգության տեխնոլոգիաները, միատեղվելու են ջանքերը Հայաստանի նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում իրավական և հակակոռուպցիոն բնույթի դասաժամերում նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրմանը, մշակվելու են համակարգչային ինտերակտիվ խաղեր, ծրագրեր այլ հավելվածներ, որոնք նախատեսված կլինեն հեռախոսներով, պլանշետներով, համակարգիչներով, այլ տեղեկատվական համակարգերով օգտագործելու համար՝ իրավական կրթության և իրավական, այդ թվում հակակոռուպցիոն իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս ամենը նախատեսված է լինելու ինչպես երեխաների, մարզային համայնքների բնակիչների, այնպես էլ այլ թիրախային խմբերի համար: Նախատեսվում է ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաների (TOR և այլն) լուծումներով ստեղծել կոռուպցիոն դեպքերի ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ, որը տեխնիկապես կապահովի տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ՝ կոռուպցիոն ռիսկերի, պաշտոնյաների անօրինական գործողությունների և ապօրինի հարստացման դեպքերի մասին՝ քարտեզի վրա նշելով տվյալ բնակավայրը, ինչպես նաև բեռնելով փաստական հանգամանքները հավաստող անհրաժեշտ տեղեկատվության փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն: Նախատեսվում է, որ այս տեղեկությունների իսկությունը կճշտվեն և ընթացք կտրվեն ՀՀ իրավապահ մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: