Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացին գարեջրով կզարմացնի, հայաստանցին՝ ընտրախախտումով (տեսանյութ)

Հասարակություն
arajin

Կյանքի առաջին տարիներից  հեծանիվի ղեկը վարպետորեն պահող գերմանացու համար այս փոխադրամիջոցին նստածը թաքնված ինֆորմացիայի կրող է։ Մարկուս Թակենբերգը, որն աշխատում է Ներքին Սաքսոնիայի  Օսնաբրյուկ քաղաքի  տեղական թերթում, ասում է՝ տեղաբնակը շատ արագ նկատում է երկվորին, քանի որ,   որպես կանոն, փախստականներն ու զբոսաշրջիկները բավականին անվարժ են կառավարում հեծանիվը. գերմանացիները ժպիտով են հետեւում  զիգզագաձեւ սլացող հեծանվորդին։    Բայց նույն գերմանացին կարող է զայրանալ, երբ տեղի երթեւեկության  կանոններին անծանոթ մեկը քայլի հեծանվաուղիով կամ ոչ մի կերպ չարձագանքի  ազդանշաններին։ Հեծանիվը գերմանացիների մեծամասնության  համար  մշտական փոխադրամիջոց է։ Այն կարելի է  գնել   միջինը  200-700 եվրոյով։ hetsaniv Գերմանական ցանկացած քաղաք ունի երթեւեկության  իր հստակ կանոնները։ Եթե Բեռլինում այնքան լայն են փողոցները, որ հեծանվորդներին մի  հատված է հատկացված,  ապա Հաննովերում գրեթե ամեն վայրկյան հեծանիվի տակ ընկնելու վտանգը կա։  Հաննովերից 130 կմ հեռավորությամբ գտնվող Օսնաբրյուկում երկու տարբերակն էլ կա, բայց հիմնականում լայն փողոցների շնորհիվ  հեծանվորդի ու հետիոտնի ճանապարհները չեն խաչվում՝ ավելորդ լարվածություն չստեղծելով։ Օսնաբրյուկում  հպարտանում են խաղաղության այն մթնոլորտով, որը ձեւավորվել է դեռեւս 368 տարի առաջ՝  Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո, երբ  Վեստֆալիա պատմական տարածքում՝ Մյունստերի կաթոլիկական եւ Օսնաբրյուկի բողոքական եկեղեցիներում  ընթացող բանակցություններից հետո կնքվեց  Հաշտության պայմանագիրը։ dah Օսնաբրյուկին գույն տվող շենքերից մեկում՝ մի մեծ դահլիճի պատերը զարդարում են այն մարդկանց նկարները, որոնք  հաշտության եկան։  Այստեղ է գործում նաեւ քաղաքային խորհուրդը, որի նոր անդամներին ընտրելու են  սեպտեմբերի 11-ին։ Թեկնածուներին ներկայացնող հսկայական  պաստառների  չես հանդիպի ոչ միայն Օսնաբրյուկում, այլեւ մյուս համայնքներում։ Բայց  նույնիսկ  փոքր պաստառները կարող են դժգոհության  առիթ դառնալ,  եթե դրանք ծածկում են երթեւեկության նշանները։pastar Քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից վեց շաբաթ առաջ։ Գերմանիայում էլեկտրոնային քվեարկության համակարգը չի գործում, բայց կարելի է քվեարկել ընտրությունից հինգ օր առաջ։ Եթե  բնակավայրից հեռու ես, կարող ես քվեաթերթիկն ուղարկել փոստով։  Ընտրախախտման դեպք  Գերմանիայում  դժվարանում  են հիշել։ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» թեմայով լրագրողական այցի մասնակիցների՝ ընտրախախտումների վերաբերյալ  հարցերը կամ հայկական փորձը նույնիսկ զարմանքի առիթ էին դառնում։ Իհարկե,տեսականորեն չեն բացառվում խախտումները  քվեների հաշվարկի ժամանակ։ Բայց, ինչպես  մեկնաբանում է  Օսնաբրյուկի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ   Ցադան,  դժվար է պատկերացնել, որ  Կանաչների կուսակցության ներկայացուցիչը թույլ կտա, որ «Ձախերի» վստահորդը խախտում անի եւ  հակառակը։ profesor Ընտրողներն էլ պակաս շահագրգռված չեն, որ ընտրություններում հաղթի արժանավորը։    Հանրային ծառայությունները կարգավորվում են տեղական մակարդակում, իսկ երբ ՏԻՄ-երը նորմալ են աշխատում, նշանակում է՝ ուղիղ ազդեցություն կենսակերպի վրա։ Պրոֆեսորը շարունակում է    բացատրել՝ ինչու է  կարեւոր ՏԻՄ ընտրությունը՝ բերելով էլեկտրաէներգիայի օրինակը. սպառողը վճարում է դրա դիմաց անկախ  որակից, հետեւաբար ինքը շահագրգռված է որակյալ ծառայությամբ։ Տեղական ընտրության արդյունքը ազդում է նաեւ ֆեդերալ ընտրությունների վրա։ ՏԻՄ ընտրությանը մասնակցել կարող են ոչ միայն Գերմանիայի, այլեւ ԵՄ քաղաքացիություն ունեցողները, բայց անհրաժեշտ պայման է  նվազագույնը երեք ամիս տվյալ բնակավայրի բնակիչ լինելը։ Ո՞վ կարող է առաջադրվել ընտրություններում։ «Անհրաժեշտ է անդամակցել որեւէ կուսակցության, քանի որ մյուս դեպքերում ընտրվելու շանսերը շատ քիչ են, եթե, իհարկե, դու չափազանց  հայտնի երգիչ չես կամ հայտնի անձնավորություն, ասենք՝ դասախոս»,- ասում է պրոֆեսոր  Ռոլանդ   Ցադան։  Վերջինս երբեք չի մոռանում իր քաղաքացիական պարտականությունը եւ մասնակցում է բոլոր ընտրություններին։ «Դա հոբբիի նման է»,- ասում է նա։  Բայց դա չի վերաբերում երիտասարդներին, որոնք առանձնապես հետաքրքված չեն ընտրություներով։ terti news Գերմանական  թերթերը օրենքով պարտավորված չեն հավասարաչափ լուսաբանել  թեկնածուներին, բայց  «Neue Osnabrücker Zeitung» օրաթերթի  լրատվական բաժնի ղեկավար  Մայքլ Քլասենն  ասում է՝ իրենք փորձում են. «Այդ բարոյական պարտավորություն է»։ Բացի այդ խմբագրությունը մշակել է ընտրությունների լուսաբանման  Էթիկայի  կանոններ, որտեղ նաեւ նշվում է, թե ընտրությունների ժամանակ քանի բառ է հատկացվում  թեկնածուներին։ Ի դեպ, «Neue Osnabrücker Zeitung»-ում հստակ կանոն է՝  ինքնասպանությունները չեն լուսաբանվում։ Հայաստանի մասին լուսաբանումները հազվադեպ են լինում. ընթերցողն առանձնապես հետաքրքրված չէ։  Բայց սա չի նշանակում, թե խմբագրությունում ընդհանրապես անտեղյակ են Հայաստանից։ «Neue Osnabrücker Zeitung»-ի տպագիր տարբերակի գլխավոր պատասխանատու Մարկուս Թակենբերգը հայ լրագրողներին   հարցեր է տալիս  «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման մասին։ Նա հետաքրքրված լինելու անձնական պատճառ էլ ունի. նրա կինը  վրացահայ է։ Մարկուս Թակենբերգը հայ լրագրողներին պատմում է ոչ միայն թերթից , այլեւ ներկայացնում է քաղաքը։  500  տարվա պատմություն ունեցող, խնամքով պահպանված  շենքերի արտաքին տեսքը տարիքի մասին չի հուշում, բայց ներս մտնելով՝ միանգամից հայտնվում ես միջնադար։ Օսնաբրյուկի մի  հատվածը միայն հետիոտնի համար երթեւեկելի դարձնելը   ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում բանավեճի թեմա է։  Թեկնածուների մի մասը կողմ է արտահայտվում նախագծի իրականացմանը, որը ենթադրում է ավտոմեքենաների երթեւեկության արգելում այդ հատվածով, մյուս մասը՝ դեմ։ hraparak Օսնաբրյուկ ժամանողներն անպայման լուսանկարվում են 20-րդ դարի  հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի տան մոտ ։ Այստեղ պարտադիր պայման է նաեւ «Hausbrauerei Rampendahl» ռեստորանի գարեջուրը փորձելը, որը համարվում է Գերմանիայում լավագույներից։ Նույնիսկ  եթե  շրջակայքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, զբոսաշրջիկները գտնում են այս վայրը՝ մի գավաթ գարեջուր վայելելու համար։ piva1 Կարինե Ասատրյան Երեւան-Հաննովեր-Երեւան Հետգրություն «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» թեմայով լրագրողական այցը կազմակերպել էր  Բեռլինի լրագրության դպրոցը «Լրագրողներ հանուն ապագայի» հայաստանյան ՀԿ-ի հետ համատեղ։ Այն ֆինանսավորվել  է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: