Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռվա և Շիրակի մարզերում ֆերմերները դադարեցրել են կարտոֆիլի վաճառքը

Հասարակություն
hqdefault

2016թ. օգոստոսի 29-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում Լոռվա և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերների ժողովի ընթացքում քննարկվեց շուկայում վերջին շրջանում կարտոֆիլի գների կտրուկ անկման խնդիրը, և կայացվեց հետևյալ որոշումը` «Ներկայումս շուկայում ձևավորված կարտոֆիլի գները ֆերմերներիս համար ոչ նպաստավոր են, ինչը հանգեցնում է ոչ եկամտաբեր արտադրության, որն անպայմանորեն իր բացասական ազդեցությունը կունենա հաջորդ տարվա կարտոֆիլի արտադրության ծավալների վրա: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Լոռվա և Շիրակի մարզերի խոշոր ու միջին կարտոֆիլ արտադրողներս հավաքվել ենք խնդիրը քննարկելու և կարգավորման ուղիներ գտնելու համար: Մենք բոլորս ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել կարտոֆիլի մասսայական վաճառքը՝ շուկան կարգավորելու նպատակով և կոչ ենք անում մեր գործընկեր կարտոֆիլագործներին միանալ մեր նախաձեռնությանը: Դիմում ենք նաև իշխանություններին՝ վարելու այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը կնպաստի երկրում արտադրված գյուղմթերքների մրցունակությանը շուկայում և կխթանի գյուղի զարգացումը»: Ժողովը կազմակերպվել էր Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության կողմից` նպատակ հետապնդելով զարգացնել կարտոֆիլի տեղական արժեշղթան: Նախքան ժողովի կազմակերպումը, Վորլդ Վիժն Հայաստանի Լոռվա մարզի գրասենյակն իրականացրել է կարտոֆիլի շուկայի ուսումնասիրություն, վերլուծել է գնի անկման խնդիրները և կանխարգելիչ գործողությունների շրջանակներում բացահայտել է այն տեղանքները, որտեղից շուկա է հանվում կարտոֆիլը: Ժողովի ընթացքում հանդիպում է կազմակերպվել կարտոֆիլի խոշոր մթերողների և բեռնափոխադրող անհատ վարորդների հետ` սպառումը նոր եղանակներով և ոչ միջնորդավորված իրականացնելու նպատակով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ անմիջական գնորդի և ֆերմերների միջև՝ օրական կարտոֆիլ մատակարարելու վերաբերյալ: Տեսակամուրջ է կազմակերպվել նաև բելառուսական Belbulba ընկերության հետ, որը զբաղվում է կարտոֆիլի սերմացուի և դրա մշակման համար անհրաժեշտ դեղամիջոցների արտահանմամբ: Կարտոֆիլ արտադրող ֆերմերները ներկայացրել են սերմացուի օգտագործման իրենց ծավալները, իսկ Belbulba ընկերությունը իր հետաքրքրությունն է հայտնել` համագործակցել մեր ֆերմերների հետ: Բանակցությունների արդյունքում իրենց կողմից սերմացուի համար առաջարկվել է կրկնակի մատչելի գին: Վորլդ Վիժն Հայաստան