Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամին շտապ վիրահատություն է պետք. փաստաբանների ահազանգը (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, ահազանգում են նրա փաստաբանները ու ասում, որ եթե այսպես շարունակվի, ապա սպասել Հովհաննեսի ապաքինմանն անիմաստ կլինի: «Հուլիսի 26-ից սկսած, դեռ նրան ոչ մի անգամ չեն վիրահատել, անընդհատ ասում են ժամանակը չի, բայց այդպես չի կարող շարունակվել, նրա վիճակը գնալով վատանում է»,- ասում է պաշտպան Հայարփի Սարգսյանը: Փաստաբանների համար նաեւ անհասկանալի է մնում այն փաստը, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես Հարությունյանին հսկել են ոստիկաններ. «Բուժքույրը հորդորել է, որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գան, սակայն ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ»,- պատմում է փաստաբանն ու անցնում մյուս փուլին՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ին, որտեղ, նրա խոսքով, ամեն ինչ ավելի վատ էր: «Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, այնինչ նրան հարթ մահճակալ էր պետք: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Աղմուկ բարձրացրեցինք, նրան նոր սենյակ տեղափոխեցին, և այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել, մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում և քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»: Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ պատմեց, որ նրա այցելության ժամանակ Հովհաննես Հարությունյանի անկողինը արյունոտ է եղել, իսկ սպիտակեղենը՝ կեղտից սեւացած. «Երեք օր չի փոխվել նրա անկողինը: Բացի այդ, Հովհաննես Հարությունյանը նաև բնական կարիքները հոգալ չի կարողանում ինքնուրույն, նա  երկու ժամ սպասում է,  որպեսզի սանիտարը գա, նրանք չէին մոտենում, մարդու աչքերից երեւում էր, որ նա այլեւս չի դիմանում, դա նվաստացուցիչ է»: Նա նաեւ փաստում է, որ ծանր վիճակում գտնվող Հովհաննեսին բուժօգնություն են ցույց տալիս ոչ պրոֆեսիոնալներ. «Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»: Հովհաննես Հարությունյանի երկու փաստաբաններն էլ պնդում են, որ նրան շտապ վիրահատություն է պետք: