Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեյդար Ալիևի ժամանակ ավելի հեշտ էր անհայտ կորածների հարցով զբաղվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
anhaytkorac

«Ղարաբաղյան պատերազմից ի վեր՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում անհայտ կորածների թիվը հասնում է շուրջ 4500-ի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն աշխատում է հակամարտության բոլոր կողմերի հետ: Մենք հավաքագրել ենք այդ տվյալները՝ հիմնվելով ընտանիքների հայտերի, ընտանիքների հետ մեր շփումների վրա:  Դրան կից,  հիմա ընթացքում է ԴՆԹ նմուշների հավաքագրումը, որը թույլ կտա հետագայում կողմերի համաձայնության դեպքում արտաշիրմում իրականացնելիս նույնականացնել անձին»,-ասաց նա: Մինչ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի բացվելը, անհայտ կորածների տվյալների հավաքագրմամբ զբաղվել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը: «1992 թվականից անհայտ կորածների մեր կազմակերպության ցուցակներում մինչ օրս կա 520-ից ավելի մարդ Շահումյանի, Մարտակերտի շրջանից, որոնց մեջ 60-ն անց մարդկանց թիվը կազմում է գրեթե 75-80 տոկոս, բայց մինչեւ մենք չունենք տվյալ առ այն, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, անգամ եթե հասկացվում է, որ տրամաբանորեն այդ մարդիկ կարող են ողջ չլինել, մեկ է՝ նրանք մնում են անհայտ կորածների ցուցակների մեջ»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, Անհայտ կորածների, պատանդների եւ գերիների պետական միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հեյդար Ալիեւի նախագահության օրոք անհայտ կորածների հարցով առավել հեշտ է եղել Ադրբեջանի հետ համագործակցությունը, սակայն այսօր այդ հարցով գրեթե երկխոսություն չկա: Արդեն 22 տարի՝ անհայտ կորած է համարվում Զարինե Հակոբյանի ամուսինը՝ Յուրի Առուստամյանը, որն իր ջոկատի 22 անդամների հետ շրջափակման մեջ է հայտնվել 1994 թվականի հունվարի 5-ին՝ Հորադիզի կայարանում: Տիկին Հակոբյանն ասում է, որ ամուսնուն ողջ տեսնելու հույսն իր մեջ դեռ կա, բայց մյուս կողմից իրեն տանջում է անորոշությունը. «Երբ հարազատը թաղված է գերեզմանում, դու գիտես, որ նա այնտեղ է ու կարող ես խոսել, պատմել , արձագանք չստանալ: Ի վերջո, բոլորիս տեղն է գերեզմանը, բայց այս անորոշությունը... Երբեմն ասում են՝ սփոփվեք, միայն քո ամուսինը չէ, շատերն են, բայց յուրաքանչյուրի վիշտը իրենն է»: Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: