Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմայլիկ, մուլտֆիլմի հերոս՝ գերբի վրա (տեսանյութ)

Հասարակություն
xD2k7VfGWgM

Հայաստանի զինանշանի վրա ավելի քան 30 գերբագիտական սխալ կա։  Դեռեւս 2 տարի առաջ այս  մտահոգությունը  ներկայացվել  է  Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովում,որից հետո կատարվել է մանրամասն ուսումնասիրություն։ «Թե առյուծի, թե արծվի բերանները փակ են։ Գերբագիտությունը գիտություն է, ըստ գերբագիտության օրենքների՝ փակ բերանով կենդանիները մեռած կենդանիներ են, թույլ, անուժ անօգնական կենդանիներ են։ Այս տեսակետից մենք պետք է կարծենք,  որ մեր պետությունը թույլ, անուժ պետություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հանրային խորհրդի անդամ, մշակութաբան Գագիկ Մանասյանը։ Խնդիրներից մեկն էլ զինանշանի վրա ժապավենի առկայությունն է։ Ժապավենի վրա պետք է գրվի տվյալ երկրի կարգախոսը։ Մինչդեռ Հայաստանը կարգախոս չունի; «Կամ մենք պետք է գերբի վրայից ժապավենն առհասարակ հանենք, կամ պետք է ընդունենք պետության կարգախոս եւ այն տեղադրենք գերբի վրա»։ Ինչ վերաբերում է վահանին, որի վրա տեղադրված է Արշակունիների, Արտաշիսյանների,  Բագրատունիների եւ Ռուբինյանների խորհրդանշանները, ապա այստեղ գույները չեն համապատասխանում տվյալ տոհմերի խորհրդանշանների գույներին։ Սակայն սա դեռ ամենը չէ։ «Եվրոպայում Կարմիր առյուծը տեղափոխվել է  Կիլիկիայից։ Այսօր այս առյուծը կա 12 երկրների գերբերի վրա։ Սակայն տեսնենք, թե ինչպես է այն  արտահայտվել մեր գերբի վրա։ Սա  կարծեք սմայլիկ լինի, մուլտֆիլմի հերոս, տարօրինակ մի բան, որ առյուծի դեմք չունի, հասկանալի չի, թե ինչ է»։ Բոլոր սխալներն ու աղավաղումները միանգամից թվարկել հնարավոր չէ։ Գագիկ Մանասյանը տեղեկացնում է՝ մշակույթի նախարարությունում ստեղծել են հանձնաժողով, փորձում են գերբի գիտական բացատրությունը ստանալ։ Ոչ պաշտոնապես էլ դիմել են նկարիչ Կարեն Աղամյանին՝ խնդրելով ներկայացնել գերբի տարբերակ՝ հաշվի առնելով նշված նկատառումները։ Արդեն մշակվել է մոտ 50 օրինակ։  Առաջիկայում տարբերակները քննարկման կդրվեն եւ կներկայացվեն իշխանություններին։  Մշակութաբանը հույս ունի՝ գոնե  մի քանի տարվա ընթացքում խնդիրը լուծում կստանա։