Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս-հայկական «բարեկամությունը» հերթական անգամ կարող է վնասել ՀՀ հեղինակությանը

Քաղաքականություն
serzh-putin

Օգոստոսի 26-ից Հայաստանը կրկին հայտնվեց Կրեմլի և ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ արդեն ավելորդ ուշադրության պատճառը հայկական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորումն էր: 1986 թ. ծնված Միրոնովը, ով Զվարթնոց օդանավակայան էր ժամանել օգոստոսի 26-ին կնոջ հետ, 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու փորձ կատարելու և փողերի լվացման մեջ: Բնականաբար, հարցի վերաբերյալ ռուսական և ամերիկյան տեսակետները հերթական անգամ կտրուկ տարբերվում են: Ռուսական կողմը միանշանակ հակված է հարցը քրեական դաշտից տեղափոխել քաղաքական: Ռուսական մամուլը միջադեպը ներկայացնում է որպես Վաշինգտոնի հատուկ ծրագիր՝ Երևանին և Մոսկվային միմյանց դեմ տրամադրելու համար, մինչդեռ պետդումայի մի շարք պատգամավորներ արդեն հանդես են եկել Հայաստանի հասցեին հայտարարություններով, որոնք կարելի է բնութագրել միայն որպես քաղաքական սպառնալիքներ: Մասնավորապես, ըստ ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեվիչի տեսակետի՝ սա փորձ է սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, և Հայաստանը Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Փաստորեն, Կլինցեվիչը առաջարկում է հայկական դատարանին քրեական գործը դիտարկել քաղաքական հարթակում և հաշվի առնել Մոսկվայի հետագա արձագանքն ու հնարավոր զայրույթը: Որոշ ռուս քաղաքական գործիչների արձագանքը ավելի հիասթափեցնող է: Այսպես, օրինակ, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինան օգոստոսի 27-ին Միրոնովի ձերբակալության վերաբերյալ հայտարարել էր որ որոշ երկրների ղեկավարությունները «փորձում են նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ «Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում` Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա ևս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն», - հայտարարել էր Սուտորմինան։ Նմանօրինակ հայտարարությունները ավելի շուտ շանտաժ են հիշեցնում: Սուտորմինան փաստորեն առաջարկում է չհանձնել Միրոնովին ԱՄՆ-ին, քանի որ Ռուսաստանը «օգնում է» Հայաստանին ԼՂ կարգավորման հիմնախնդրում: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին օգնող երկրի քաղաքական գործիչը, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնի, որ ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված Հայաստանը սեփական անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չունի զենքի անօրինակ վաճառքի մեղադրանքով ինտերպոլի կողմից հետախուզվող որևէ անձի (անկախ նրա քաղաքացիությունից) հանդեպ ներողամիտ լինել: Ավելին՝ մեղադրանքները Հայաստանի հասցեին առ այն, որ Երևանը փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ ԱՄՆ-ից անհիմն են, որովհետև Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ոչ թե օգոստոսի 26-ից՝ Հայաստան ժամանելու օրվանից, այլ՝ մայիսի 11-ից: Հայկական անվտանգության ծառայությունները պարզապես առաջնորդվել են միջազգային քրեական օրենքներով՝ ձերբակալելով միջազգային հետախուզման տակ գտնվող անձի, ում համապատասխան ապացույցների առկայության դեպքում, ըստ նույն միջազգային քրեական օրենքների, պարտավոր է հանձնել ԱՄՆ-ին: Փաստորեն, վերոհիշյալ ռուս պատգամավորները առաջարկում են հայկական կողմին մի կողմ դնել քրեական օրենսգիրքն ու առաջնորդվել ռուս-հայկական բարեկամական զգացմունքներով: Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումների միջոցով Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելուց փրկելու դեպքում՝ ռուսական կողմը ևս մեկ անգամ կասկածի տակ կդնի ՀՀ միջազգային հեղինակությունը՝ ցույց տալով Երևանի ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությունը: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը որոշի, այնուամենայնիվ, հանձնել Միրոնովին ամերիկյան արդարադատությանը, կարելի է ակնկալել Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների աննախադեպ ալիք:  ՀՀ-ն հայտնվել է երկու կրակի արանքում, ու ցանկացած սցենար միջազգային սկանդալ է դառնալու Երևանի համար: Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»