Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասադից եւ Մոսադից փախած հային կառավարությունում հայհոյել են/ լրացված

Հասարակություն
MHER

Սիրիահայ Եղիա Քեոշկերյանը 1994-ին Հայաստան փախավ նախագահ Հաֆեզ Ասադի ռեժիմից: Նրա հորը Ասադի իշխանությունը սպանել էր հենց այն ժամանակ, երբ երիտասարդ Եղիան ժամկետային զինծառայության մեջ էր Սիրիայի ազգային բանակում: Այդ ժամանակ նա Սիրիայից փախավ Լիբանան, որտեղ, իր բառերով, իսլամիստների եւ այլ հակաասադյան ուժերի հետ զինված պայքար սկսեց Ասադի իշխանության դեմ: Անձամբ Եղիա Քեոշկերյանը ղեկավարում էր մահապարտների մի խումբ: «Զենքերի մեջ եմ մեծացել»,-ասում է Քեոշկերյանը նկատի ունենալով Սիրիայի քաղաքացիական կռիվները; Երբ Ասադի զորքերը մտան Լիբանան, Եղիան փախավ Իսրայել, որտեղ Իսրայելի Անվտանգության ծառայության ղեկավարի թիկնապահն էր: Մոսադը դեռ չգիտեր, որ նա Սիրիայից է: Տարուց ավելի այս հայորդին աշխարհի ամենաուժեղ անվտանգության ծառայության աշխատակից էր: Երբ իմացան, հասցրեց փախչել Լիբանան եւ սարերով կրկին մտավ Սիրիա, որտեղից էլ, ի վերջո, եկավ Հայաստան: Այստեղ Քեոշկերյանը երկար տարիներ չէր կարողանում ձեռք բերել փախստականի փաստաթուղթ: Դա էլ վերջերս հաջողացրեց՝ 20 տարի անց: Թուղթը տալուց առաջ, ի դեպ, հասկացրել են, որ կարող է արտաքսվել Սիրիա: Քեոշկերյանը գլխի է ընկել, որ փող են ուզում: Աղմուկ է բարձրացրել, ըստ որի Սիրիայում ինքը մահապատժի հոդվածի տակ է՝ ո՞նց եք ուզում Հայրենիք եկած մարդուն արտաքսել այնտեղ, որտեղից ինքը փախել է: Մոսադի հետախուզական բազայի աչքից մեկ տարի սպրդած այս մարդն առ այսօր Հայաստանում ոչ մեկին հետաքրքիր չէ: 20 տարի Հայաստանի իշխանությունն այս մարդուն կերակրել է բնակարանի խոստումներով: Վերջին 4 տարում դա արվել է հետեւյալ ոճով՝ հեսա-հեսա: Եղիա Քեոշկերյանն ասում է. «4 տարի է ինձ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի աշխատակից Արիկ Բախշյանն ինձ խաբում է: Անցյալ տարի ինձ բնակարան խոստացավ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի ներկայությամբ»: Խաբեության բացահայտումը Մոսադի քթի տակ աշխատած մարդու համար դժվար չէր՝ նորեկ սիրիահայերի մի փոքրիկ մասն արդեն բնակարան է ստացել առանց դժվարության, իսկ իրեն անցած շաբաթ ընդամենը տվել են հերթական ժամանակավոր կացարանը, այս անգամ  Նոր Հաճընում։ «Նրանց հարցնում եմ՝ ո՞նց, ասում են՝ փող ենք տվել իշխանություններին, տուն են տվել»,-եղել է նորեկ փախստականների պատասխանը: Այս ոդիսականի գագաթնակետը 4 օր առաջ կառավարության մոտ տեղի ունեցած երկխոսությունն է: «4 օր առաջ եկա կառավարություն, կանչեցի Ղազարյանին (ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունման եւ դիմումների քննարկման վարչության պետին-խմբ), աչկարիկ, նիհար, սպիտակ մազերով մարդ է, ինձ ասեց՝ դու ո՞վ ես, ասեցի, որ Սիրիայի քաղաքացի եմ, ասեց՝ ս.... էղի, քեզ բան չի հասնում: Ասեցի՝ մի հայհոյիր, ասեց՝ քրֆում եմ, լավ եմ անում, գնա  քո....., ու ոստիկանների ներկայությամբ ուզեց խփի»: Նույն օրը Քեոշկերյանը զանգահարում է ոստիկանություն, որտեղից առաջարկում են դատի տալ Ալեքսանդր Ղազարյանին: «Բայց ես մեր դատարանը գիտեմ, ինձ պետք չի»,-հրաժարվել է Քեոշկերյանը: ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունման եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հայտնեց, որ Եղիա Քեոշկերյանի հետ կապված միջադեպ եղել է, բայց ոչ այն երանգներով,  ինչպես քաղաքացին է ներկայացնում։ Քաղաքացին փորձել է անգամ իրեն սադրել՝   տարբեր մեղադրանքներ հնչեցնելով ։ Ընդ որում, ըստ պարոն Ղազարյանի,  նա այնպիսի աղմուկ է  բարձրացրած եղել, որ մինչ իր՝ կառավարության շենքի բակ իջնելը, աշխատակիցները  ստիպված են եղել ոստիկանություն կանչել։