Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավորին

Պաշտոնական
ga

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը ողջունել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ: Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: «Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Գալուստ Սահակյանը: Ալբերթ Վայլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Բունդեսթագի պատգամավորը եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պարոն Վայլերի օժանդակությամբ կշարունակվի եւ առավել կզարգանա Գերմանիայի եւ Հայաստանի ավանդական ջերմ համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:  ՀՀ ԱԺ