Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ նոր սահմանադրությունը Աթաթուրքի սահմանադրության կոպիան է» (տեսանյութ)

Քաղաքականություն
azat

«Արցախի օրակարգում Ալիեւի հետ կապված որեւէ հարց չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որ օրերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքով՝ Հայաստանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Ալիեւը համաշխարհային ֆոնդից մեկ միլիարդ դոլար է խնդրել Արցախը վերադարձնելուց հետո այն բարեկարգելու համար, ղարաբաղցիները ոչ լսել են, ոչ էլ ցանկություն ունեն լսելու. «Արցախում ամեն ինչ բնական հունով գնում է: Կառուցապատում են, բարեկարգում են, փորձում են վերացնել քառօրյա պատերազմի հետեւանքները: Արցախում լուրջ հետեւություններ են արել պատերազմից հետո եւ հիմա լուրջ աշխատանքներ են անում, որ դա չկրկնվի»,- նշեց նա: Ազատ Արշակյանի խոսքով՝ հողեր հանձնելու մասին որեւէ խոսակցություն չկա եւ չի կարող լինել, քանի որ Արցախի հարցն արդեն 25 տարի է՝ լուծված է:  Պարոն Արշակյանը հույսով է, որ հաջորդ Ազգային ժողովը կձեւավորվի իսկապես ժողովրդի ընտրությամբ, եւ այդ ժամանակ ԱԺ-ն պետք է Կարսի պայմանագրից դուրս գալու հարցը դնի: «Ոչ մի միլիմետր պետք չէ հանձնել՝ ինչ աստիճանի կարեւորություն էլ հողերն ունենան: Մենք ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու տարածքներ ունենք՝ օրինակ Նախիջևանը»,- ասաց նա: ԳԽ նախկին պատգամավորն անդրադարձավ նաեւ ՀՀ նոր սահմանադրությանը՝ նշելով, որ դա հակաժողովրդավարական է եւ գցում է մեր պետության վարկանիշը. «Այս սահմանադրությունը իրավական պետության սահմանադրություն չէ: Սա Աթաթուրքի 1923 թվականի սահմանադրության կոպիան է, որը Թուրքիան մինչ օր փոփոխում է, այնքան շատ խնդիրներ է այն առաջացնում»: Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն էր հողեր չհանձնելու մտքի հետ, սակայն նշեց, որ չի կարծում, թե այս հարցում որեւէ մեկն ավելի գիտակ է, քան գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանական բնագավառի մասնագետները: