Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն սկսվում է սահմանից». Էդուարդ Շարմազանով

Քաղաքականություն
photo-2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարեւոր հարցեր: Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են Պառավաքար, Նորաշեն եւ Չորաթան համայնքներ: Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի եւ խաղողի բերքահավաքին եւ հանձնմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման խնդիր չկա, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, եւ գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը: 2 «Հավատացնում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում են ձեր խնդիրները, քանի որ Հայաստանը սկսվում է սահմանից: Եթե ձեր խնդիրները լուծված չլինեն եւ դուք հզոր չլինեք, Երեւանում մենք թույլ կլինենք: Այդ պատճառով էլ ԱԺ նախագահի հանձնարարականով եկել ենք, որ ականջալուր լինենք»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: 1 Նորաշեն համայնքում բարձրացված խնդիրների շարքում նոր կոմբայն ունենալու հարցն էր, որը բարձրաձայնել է 78-ամյա կոմբայնավար Երջանիկ Աթոյանը: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ավելացվել են հացահատիկի ցանքատարածքները եւ բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիր է ծագում: «Այս հարցն անպայման կքննարկենք, եւ եթե պահուստային միջոցներից չկարողանանք գումար գտնել, ուրեմն պատգամավորներով գուցե փորձենք հանգանակություն անել»,-ասել է ԱԺ փոխնախագահը: 3 Նորաշենցիները խնդրել են նաեւ ԱԺ-ում հարց բարձրացնել Նորաշեն համայնքը սահմանամերձ ճանաչելու մասին: «Եկել ենք, որ հաղորդակից լինենք սահմանամերձ համայնքների խնդիրներին, որ ԱԺ առաջիկա նիստում փորձենք բարձրացնել դրանք: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը խաղողագործությամբ զբաղվելու եւ մթերելու խնդիր չունի: Երկրորդը կրթության խնդիրն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ համայնքների կրթական օջախներին: Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր պետությունը եւ ժողովուրդն ունի երեք հիմնասյուն` առաջինը մեր առաքելական, քրիստոնեական կրոնն է եւ մեր խաչը, երկրորդը` մեսրոպյան գիրն ու գրականությունը, որը մեր կրթությունն ու գիտությունն է եւ երրորդը մեր սուրն է, այսինքն մեր անվտանգությունը: Եթե մենք կարողանանք սահմանային շրջաններում ամրապնդել առաքելական խաչի, հայոց գրչի եւ հայոց սրի միասնությունը, ուրեմն մենք անպարտելի ենք»,-նշել է ԱԺ փոխնախագահը: Պատգամավորներն այցելել են նաեւ «Տավուշ տեքստիլ» գործարան եւ ծանոթացել նորարար տեխնոլոգիական համակարգով գործող գործարանի եւ նրա՝ շուրջ 150 աշխատողով հագեցած աշխատանքային առօրյային: Նշենք, որ առաջիկայում գործարանի աշխատողների թիվը նախատեսվում է կրկնապատկել: