Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարելի է նույն վերնագիրը դնել՝ Սերժ Սարգսյանի վախը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gevorg-Safaryan

Ամանորի գիշերվանից Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո  կալանավորված Գեւորգ Սաֆարյանը առողջական խնդիրներ ունի:  «Ոտքն է ցավում, առանց այն էլ խնդիրներ ուներ, անցել էր, բայց նորից ցավում է, ավելի բարդացել է վիճակը, դեղեր ենք տարել, չի օգնում, բժիշկ են տարել, բժիշկը ստույգ ոչինչ չասեց»,- «Ա1+»-ին ասաց նրա  մայրը՝ Շուշան Բերբերյանը: Մայրն այսօր եկել էր մասնակցելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին: Սակայն այն սկսվելուն պես հետաձգվեց, քանի որ ակտիվիստը չէր բերվել դատարան:  ՊՊԾ գունդը գրավելուց հետո այս գործով որեւէ դատական նիստ չի կայացել: «Սկզբում ընթացքը նորմալ էր, շաբաթը 2-3 անգամ դատավարությունը գնում էր, հիմա հետաձգում են:  Նախորդ անգամ էլ ծանուցագիրը գնացել էր, բայց ՔՀԿ ղեկավարությունը չէր թույլատրել»,- ավելացնում է Շուշան Բերբերյանը: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը համոզված է՝ ոչ թե դատական նիստերը պետք է հետաձգվեն, այլ Գեւորգ Սաֆարյանը պետք է լինի ազատության մեջ. «Այն, որ Գեւորգ Սաֆարյանը անօրինական պահվում է, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, ամեն ինչ տեսանկարահանված է եւ վաղուց արդեն պետք է որոշում կայացվեր, կալանքը գոնե որպես խափանման միջոց վերացնել»: Գեւոորգ Սաֆարյանի գործով պետք է հարցաքննվեն  կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր»-ի բազմաթիվ անդամներ,  պաշտպանը որեւէ խոչընդոտ չի տեսնում այս հարցում. «Եթե դատարանը որոշում է կայացրել, որ նա պետք է գա հարցաքննվի, ապա նրան կբերեն դատարան եւ ցուցմունք կտա»: Գործով դատական  նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 27-ը: Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը  Գեւորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելը  եւ արհեստական կերպով  դատական նիստերը հետաձգելը կապում է իշխանության թուլության հետ:  «Կոնկրետ նշում է, թե ո՞ւմից է վախենում իշխանությունը, բոլոր այս դատավարությունները կարելի է նույն վերնագիրը դնել Սերժ Սարգսյանի վախը եւ բոլորը սպասարկում են Սերժ Սարգսյանի վախը»: Նա համոզված է, Գեւորգ Սաֆարյանը ապօրինի է կալանավորված եւ բերում է իր օրինակը՝  հուլիսի 27-ին ապօրինի հավաք անցկացնելու եւ զանգվածային անկարգություն հրահրելու համար իր դեմ գործ է հարուցվել, մինչդեռ նա այդ օրը եղել է ոստիկանությունում եւ ՀՔԾ-ում: