Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ագրարային համալսարանը ստացավ միջազգային հավատարմագրում

Հասարակություն
ANAU-2

Ուսումնական տարվա մեկնարկի շեմին անչափ ուրախալի լուր ստացվեց Գերմանիայի Դաշնությունից: ՀԱԱՀ «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը ստացել է միջազգային հավատարմագրում: Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ, ՈՒկրաինա, Ղրղզստան, Ղազախստան, 12 առաջատար ագրարային բուհ, համատեղեցին ջանքերը նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ի սկզբանե (1999-ից) այս ծրագրի ռահվիրաներից էր: ԳԴ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման  ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին խիստ համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ  փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը, մագիստրանտների և շրջանավարտների ատեստավորման արդյունքները: Բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է, որ ոչ մի դիտողություն չի ստացել: Անշուշտ, սա պատիվ է բերում ոչ միայն Ագրարային համալսարանին, այլև կարևոր որակական ցուցանիշ է ողջ հանրապետության կրթական ոլորտի համար: Հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի մոտ օրերս, հանդիսավոր պայմաններում: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը տարիների՝ նախադեպը չունեցող աշխատանքն այսպես բնորոշեց. «Սա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վերջին տարիների ամենանշանակալից ձեռքբերումն է, համագործակցության լավ օրինակ, որը մեկ անգամ ևս վկայում է, որ գիտությունը և կրթությունը չեն կարող սահմաններ ունենալ»: