Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի հանքավայրը վտանգում է Ջերմուկ քաղաքն ու Սեւանա լիճը. բնապահպաններ (տեսանյութ)

Հասարակություն
Ամուլսար-լեռը1

Ջերմուկ քաղաքն ու Սեւանա լիճը վտանգված են՝ ահազանգում են բնապահպանները: Պատճառը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն է:  Մասնագետները վստահ են՝ հանքավայրում անընդհատ պայթյունները, վիբրացիաններն անհետեւանք չեն մնա: «Նույնիսկ, երբ Ջերմուկում շենք են կառուցում, ֆունդամենտի պայթեցումներ չեն անում, քանի որ ցանկացած ցնցում առաջացնում է ջրի աղբյուրի կորուստ»,-ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն  Նազելի Վարդանյանը: Ջերմուկը բարձրադիր բնակավայր է եւ այնտեղ արդեն իսկ բնական՝ թթվածնի պակաս կա: Հանքավայրի շահագործումը կնպաստի խնդրի ավելացմանը: Բնապահպանները վստահ են՝ խնդիրը կազդի նաեւ զբոսաշրջության վրա: Իսկ հանքավայրից արտանետվող ակտիվ քիմիական միացություններն էլ կաղտոտեն ջրերի ստորգետնյա ավազանը: Աղտոտված ջուրն էլ ի վերջո կհայտնվի Սեւանա լճում: «Ամուլսարը գտնվում է մի տեղ, որտեղ ձեւավորվում են Որոտանն ու Արփան: Քիմիական կազմը միանգամից փոխվելու է, քամու հետեւանքով ծանր մետաղները տեղափոխվելու են այնտեղ: Կփոխվի նաեւ Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների ջրային կազմը»,- զգուշացնում է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը: Ամուլսարի հանքավայրը ազդեցություն կունենա նաեւ որոշ տեսակի բույսերի ու կենդանիների վրա, որոնք, ի դեպ, գրանցված են «Կարմիր Գրքում»:  Հանքավայրի շահագործման աշխատանքներից տուժում են նաեւ հարակից բնակավայրերի շինությունները: Բնապահպաններն արդեն տեսել են տների ճաքած պատերը, որոնք,  ըստ նրանց, կավելանան ու  հնարավոր է նաեւ  անդառնալի հետեւանքներ ունենան: