Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Պաշտոնական
cucahandes-001ֆ

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը   Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին  ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների, այդ թվում նաև Երևանի զարգացման ժամանակագրությունը: Ավելի քան 130 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով: Շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում հատկանշել է, որ ներկայացված աշխատանքները կարևոր ու պատմական են նաև մայրաքաղաքի կյանքում՝ արձանագրելով Երևանի զարգացումը. «Խորհրդանշական այս օրը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը, քաղաքապետարանի հարկի ներքո բացվող այս ցուցահանդեսով մենք, ըստ էության, տալիս ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Երևանի քաղաքապետարանն այս առումով նախապատրաստել է մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնք կանցկացվեն ինչպես մայրաքաղաքի վարչական շրջաններում, այնպես էլ՝ քաղաքապետարանում», - նշել է Արամ Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքներին, ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի  հիմնադիր-տնօրեն Պավել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ նկատելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքի մշակութային առօրյան, հատկապես ամռանը հագեցած է միջոցառումներով, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում Երևանի մշակութային կյանքը: «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 5-ը, որից հետո այն  կներկայացվի նաև Նյու Յորքում և Գլենդելում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում և Մոսկվայում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն cucahandes 001