Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակվեց Հեղինե Դարբազյանի սպանության գործով վճիռը

Հասարակություն
court

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի սպանության գործով վերջին դատական նիստը, որի ավարտից հետո դատարանը հրապարակեց վճիռը:   Դատական նիստի ընթացքում հրապարակվեց մեղադրանքի շարժառիթների փոփոխման փաստը, ըստ որի, Հեղինե Դարբազյանի ամուսնական դավաճանության մեղադրանքը հերքվեց:   Դատարանի վճռին ընդառաջ` դատախազը և տուժող կողմի դատապաշտպանը հանես եկան վերջնական ճառերով՝ ներկայացնելով այն մեղմացուցիչ և մեղքը ծանրացնող հանգամանքները, որոնցով նպատակ ունեին ազդելու դատարանի որոշման վրա: Դատախազն իր ճառում նշեց, որ չնայած այն բանին, որ Հեղինե Դարբազյանը չի գործել ամուսնական դավաճանություն, նույնիսկ անհավատարմության փաստը որևէ դեպքում չի՛ կարող դատարանի կողմից ընդունվել որպես մեղմացուցիչ հանգամանք ամբաստանյալի նկատմամբ: Դատախազն ընդգծեց նաև, որ անչափահաս երեխաների հանգամանքը չի կարող համարվել մեղմացուցիչ ամբաստանյալի համար, քանզի երեխաները չեն գտնվում նրա խնամակալության ներքո: Նա, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 232.4 և 104.1 կետերը, առաջ քաշեց ամբաստանյալին  համապատասխանաբար ընդհանուր 12 տարի ազատազրկման ենթարկելու հայցը և հորդորեց դատարանին որոշումը կայացնելիս առաջնորդվել բացառապես օրենքով:   Տուժողի իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանն իր ճառում առարկեց դատախազի որոշումը ամբաստանյալին 12 տարի ազատազրկելու վերաբերյալ, հավելելով, որ հանցագործությունը համարվում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն, որը դատապարտվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104.2.5 կետով, բացի դա, սպանությունն ունի կանխամտածվածություն, շահադիտական նպատակներ և Հեղինեի արժանապատվության ստորացմանն ուղղված միտումներ, որոնք միանշանակ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության տարրեր են: Հեղինե Դարբազյանի մահից հետո նրա բարոյականության վրա ստվել գցելով սեփական պատժի չափը մեղմացնելու շահադիտությունը պետք է ևս համարվի որպես պատիժը ծանրացնող հանգամանք ամբաստանյալի համար:   Լսելով կողմերի ճառերը, առարկությունները և մեկնաբանությունները` դատարանը ի վերջո վճռեց դատապարտել ամբաստանյալ Արտակ առաքելյանին 11 տարի և 6 ամիս ազատազրկմամբ, ինչպես նաև ի օգուտ տուժող կողմի, բռնագանձել նրանից 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում Հեղինե Դարբազյանի թաղման արարողության համար: Դատարանը հայտնեց կողմերին, որ նրանք ունեն 1 ամիս ժամանակ ցանկության դեպքում վճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար:   «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ համատեղ հետամոտ լինելով այս գործի արդար և թափանցիկ քննությանը` բազմաթիվ անգամներ շեշտել է Ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու խիստ անհրաժեշտությունը նման դեպքերի կանխարգելման, կանանց համապատասխան աջակցության տրամադրման և բռնարարին արդար պատժի սահմանման համար: Կասկած չկա, որ պետության կողմից իրականացված մի շարք բացթողումների հետևանքով է, որ ընտանեկան բռնության դեպքերից շատերը մնում են անպատիժ կամ ունենում նման ճակատագրական ավարտ: