Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովսեփ Խուրշուդյանի եւ «Սարի Թաղի» քաղաքական գործը

Քաղաքականություն
saritax4

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կրտսեր հետազոտող, ՄԱՀՀԻ ժողովրդավարության առաջին երեկոյան դպրոցի շրջանավարտ Լուսինե Կյուրեղյանի հոդվածը` "Բռնություն իրավունքի նկատմամբ. Հովսեփ Խուրշուդյանի և "Սարի թաղի" քաղաքական գործը":

2016թ. հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» անվամբ խմբի[1] անդամները ներխուժեցին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք` իշխանություններին ներկայացնելով քաղաքական պահանջներ, և այնտեղ մնացին մինչև հուլիսի 31-ը, երբ իրավապահ մարմիններին հանձնվելու որոշում ընդունեցին[2]: Նշված ժամանակահատվածում Երևան քաղաքում՝ մասնավորապես ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոցում, որոշ օրերի նաև՝ Ազատության հրապարակում, ամենօրյա խաղաղ հանրահավաքներ, բողոքի ցույցեր և երթեր կազմակերպվեցին: Ինքնաբուխ սկիզբ առած զանգվածային միջոցառումները ղեկավարելու համար մի շարք հասարակական ու քաղաքական գործիչների ձևավորած Համակարգող խմբի հայտարարությունների համաձայն` դրանք հետապնդում էին խմբին համերաշխություն հայտնելու, խմբի սկսած ապստամբությունը քաղաքական անհնազանդության վերածելու, ինչպես նաև` ՊՊԾ գունդն ազատագրելու համար իշխանություններին՝ ուժային գործողությունների դիմելուն չթույլատրելու, հումանիտար իրավունքի շրջանակներում խմբի անդամներին սնունդ ապահովելու և բուժօգնություն տրամադրելու նպատակներ: 2016թ.  հուլիսի 29-ի կեսգիշերին և լույս 30-ի գիշերը, երբ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղ թաղամասում ընթանում էին հերթական հավաքն ու երթը, ոստիկանության ծառայողների կողմից, մասնավորապես Սարի թաղում հավաքված ցուցարարների նկատմամբ գործադրվեց բռնություն, կիրառվեցին հատուկ միջոցներ: Դրանց արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառվեցին հավաքի մասնակիցներին, անգամ` ոստիկաններին ու Սարի թաղի բնակիչներին[3], ինչպես նաև` ձերբակալվեցին հարյուրավոր անձինք, այդ թվում` Համակարգող խորհրդի անդամներից զանգվածային անկարգություն կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով «Ոտքի Հայաստան» շարժման ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսնակ Դավիթ Սանասարյանը[4], խորհրդի անդամ չհանդիսացող, սակայն հանրահավաքի վայրում ուշացումով հայտնված Հովսեփ Խուրշուդյանը[5], հարյուրավոր այլ անձինք: Սույն զեկույցը վերլուծության կենթարկի թվարկված անձանցից մասնավորապես Հովսեփ Խուրշուդյանի հանդեպ հարուցված մեղադրանքը` օգտագործելով այդ առնությամբ նրա պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի հավաքագրած և այլ հրապարակային նյութեր:   ԳՈՐԾ 69107116. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ 30.07.2016թ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում (ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ) ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է թիվ 69107116 քրեական գործը: Համաձայն գործի նյութերի` ոստիկանության աշխատող Գուրգեն Մարգարյանի կողմից 30.07.2016թ. զեկուցագիր է կազմվել 29.07.2016թ. ժամը 23:45-ին Հ. Խուրշուդյանին բերման  ենթարկելու  մասին: 30.07.2016թ. Աշտարակի ոստիկանությունում ժամը 01:00-ին կազմվել է Հովսեփ Խուրշուդյանին բերման ենթարկելու  արձանագրությունը: 30.07.2016թ. ժամը 03:50-ին ՀՀ ՔԿ քննիչ Ռ. Վարդանյանի կողմից արձանագրություն է կազմվել Հովսեփ Խուրշուդյանին ձերբակալելու մասին: Հ. Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2016 թվականի հուլիսի 29-ին  Երևանի Սարի Թաղի տարածքում մի խումբ անձանց հետ կատարել է զանգվածային անկարգություններ` արտահայտված բռնությամբ, ջարդերով, գույք ոչնչացնելով, վնասելով, իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների  նկատմամբ  քարերով  և այլ առարկաներով բռնություն գործադրելով, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը»[6]: ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Ռ. Վարդանյանի կողմից 31.07.2016թ. ժամը 17:30-ի սահմաններում հարցաքննվել են ՊՊԾ գնդից երկու ոստիկան՝ Իշխան Վարդանյանը և Արսեն Աբրամյանը, ովքեր հայտնել են. «Հ. Խուրշուդյանը քարերով խփել է ոստիկաններին», սակայն իրենք «չեն կարող ասել գործողությունների վայրը, քանի որ Սարի Թաղին ծանոթ չեն»: ՀՀ Քննչական կոմիտեի 01.08.2016թ. որոշումով Հովսեփ Խուրշուդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ «2016 թվականի հուլիսի 29-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները պետությանը որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու նպատակով զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի վրա՝ զավթելով և պահելով այն»: Նույն որոշման մեջ արդեն արդարացման շարժառիթով հետևյալ ձևակերպմամբ պաշտպանության տակ են վերցվել ՀՀ ոստիկանության գործողությունները. «Այդ պահից սկսած հիշյալ և հարակից տարածքներում իրավապահ մարմիններն օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործության բացահայտմանը, կանխմանը ինչպես նաև՝ պետության շահերի և քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ»: Մինչդեռ այդ որոշման մեջ մեղադրական կանխակալ մոտեցմամբ են շարադրվել նաև Համակարգող խորհրդի անդամներ Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի ենթադրվող գործողությունները. «Ստեղծված իրավիճակն ավելի սրելու և Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակող 2016թ. հուլիսի 29-ին ժամը 19:30-ից Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդի հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժի սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին՝ կոչերով, հորդորներով դրդել են հավաքվածներին գնալ դեպի Խորենացի փողոց և անմիջականորեն ստանձնել են երթի ղեկավարում: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը զանգվածային միջոցառման մասնակիցների հետ, որոնց թվում է եղել նաև  Հովսեփ Խուրշուդյանը, հասնելով Նար-Դոսի փողոց, հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ թաղամաս՝  կոչ անելով հավաքվածներին գնալ ՊՊԾ գնդի ուղղությամբ: Զանգվածային միջոցառման մասնակիցներն Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի ղեկավարմամբ, բռնություն գործադրելով՝ քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած ոստիկանության  ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և տեղակայվել Սարի թաղ թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձունքում: Նույն պահին ՊՊԾ գնդի տարածքից արձակվել են կրակոցներ, ինչն իրական վտանգ է ստեղծել հավաքվածների կյանքի և առողջության համար: Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց մուտքը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, որոնք արգելափակել են մարդկանց առաջխաղացումը»:   ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ…. ԸՍՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԵՎ ՏԵՍԱԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ Գործով մեղադրյալ ներգրավված Հովսեփ Խուրշուդյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն ոստիկանները հարկադրաբար Աշտարակի ոստիկանություն են տարել Սարի Թաղի բնակիչներից մեկի տնից (քննության ընթացքում Խուրշուդյանի պաշտպանն է պարզել ստույգ հասցեն` Սարի Թաղի 5-րդ շարքի 1-ին տուն): Զինված ոստիկանները քաղաքացու բնակարան են ներխուժել առանց վերջինիս թույլտվության և առանց դատարանի որոշման: Այդպիսով, ոստիկանները խախտել են ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Ինքը` Խուրշուդյանը, այդ տանը հայտնվել է հանրահավաքի մասնակից Անուշ Տերտերյանի վնասվածք ստանալու պատճառով և վերջինիս օգնություն ցուցաբերելու նպատակով: Անուշ Տերտերյանը մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանների կողմից ժողովրդի դեմ արգելված զինատեսակ հանդիսացող լուսաձայնային պայթուցիկ նյութեր կիրառելու  արդյունքում: Ըստ էության, իր «միջոցառումն» իրականացնելիս ոստիկանությունը թույլ է տվել շատերի կյանքի համար վտանգավոր զինատեսակի կիրառում, որով մինչ օրս արդյունավետ հետաքննություն չի տարվում[7]: Հանրահավաքն ուղիղ հեռարձակվել և տեսանկարահանվել է մի շարք առցանց լրատվամիջոցների կողմից, որից երևում է, որ մասնակիցների կողմից որևէ վտանգավոր և ագրեսիվ վարքագիծ չի դրսևորվում, գործողություն չի կատարվում. հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ անցկացրել են խաղաղ հանրահավաք և որևէ բռնության կոչ չի հնչեցվել, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի կիրառվել: Դրան հակառակ, արխիվացված բոլոր տեսանյութերը փաստում են, որ ժողովրդի վրա հարձակումը տեղի է ունեցել ոստիկանության կողմից, և վերջիններս են իրականացրել զանգվածային անկարգություններ[8], իսկ այնուհետև ահաբեկել են նաև տարածքի բնակչությանը, որպեսզի նրանք ցուցմունքներ չտան[9]: Իր ցուցմունքում Հովսեփ Խուրշուդյանը նաև հայտնել է, որ ոստիկանության հետ եղել են համագործակցող անձինք, ովքեր սադրանքի են գնացել և քարեր են նետել իրենց ուղղությամբ: Այդ մասին իրենք հայտնել են Երևան քաղաքի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանին, ով խոստացել է կարգավորել ստեղծված իրավիճակը: Սակայն այդ իրավիճակը ոչ միայն չի դադարեցվել, այլ նույնիսկ ոստիկանության կողմից օգտագործվել է որպես հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրելու արդարացում: Փաստացի, ոստիկաններն իրականացրել են քաղաքական գործընթացի միջամտություն. հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու փոխարեն նրանք բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ, ինչը, ցավոք, Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում քանիցս արձանագրվել ու քննադատվել է տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից[10]: Համաձայն  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի[11] 8-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի՝  «Ոստիկանությունը պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը»: Ոստիկանության սերժանտ Գուրգեն Մարգարյանն իր զեկուցագրում որպես Հովսեփ Խուրշուդյանին բերման ենթարկելու հիմք նշել է հետևյալը. ՙԱյսօր ժամը 23:45-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս նկատեցի մի երիտասարդի, ով ակտիվորեն մասնակցում էր Սարի Թաղի  հատվածում հավաքված մարդկանց հետ մասսայական անկարգություններին՝ պահանջելով Սասնա ծռեր զինված խմբի ազատ արձակումը, մոտեցա նրան, կասկածեցի, որ նա հնարավոր է զենք կրի, այդ պահին ներկայացավ Հովսեփ անունով՚ Ինչպես նկատելի է զեկուցագրից, ոստիկան Գ. Մարգարյանը Հ. Խուրշուդյանին մոտեցել է լրիվ այլ նպատակով, այն է՝ զենք կրելու կասկածանքով, սակայն տեսնելով, որ Հ. Խուրշուդյանի մոտ որևէ զենք առկա չէ, այնուամենայնիվ, նրան ապօրինի կերպով անհիմն բերման է ենթարկել: Ավելին, ոստիկանը հետագայում նրա դեմ վկայություն է տվել «ոստիկանների ուղղությամբ քար նետելու» կապակցությամբ: Այսպիսով, Ոստիկանության կողմից խախտվել է«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, քանի որ այն հստակ նշում է ոստիկանության կողմից անձին բերման ենթարկելու պայմանները: Ոստիկանության գործողությունների անիրավաչափության մասին է վկայում նաև մեկ այլ դրվագ. Երևան քաղաքի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը, առանց բարձրախոսի ու հանրությանը լսելի դարձնելու, Համակարգող խորհրդի անդամներից Արմեն Մարտիրոսյանին հանրահավաքը ցրելու նպատակով 5 րոպե ժամանակ է տրամադրել[12]: Չսպասելով անգամ, թե ինչ որոշում կընդունեն քաղաքական գործիչները (հանարհավաքի մասնակիցներից քչերն են իրազեկվել ոստիկանության և Համակարգող խորհրդի անդամների միջև ընթացող բանակցությունների բովանդակությանը), ոստիկանության աշխատողների կողմից սկսվել են անկանոն կրակոցներ, այնուհետև լուսածրային-պայթուցիկ նյութերի արձակում և հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ծեծի և բռնության գործադրում: Խուճապի և հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանության կողմից  կյանքի համար ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով հանրահավաքի մասնակիցները անկանոն փախել են: Քանի որ ոստիկանության և քաղաքացիական հագուստով անձանց կողմից  փակվել են նահանջի և փախուստի ճանապարհները, իսկ Խուրշուդյանի հետ արդեն եղել են վիրավոր անձինք, վերջիններիս օգնություն ցույց տալու նպատակով նրանք մտել են մոտակա տներից մեկը: Խուրշուդյանի վկայությամբ` մոտ 30 րոպե անց` ժամը 23:30-ի սահմաններում, առանց տանտիրոջ համաձայնությունը ստանալու այնտեղ է ներխուժել Ոստիկանության զինված խումբը: Վերջիններս բռնի հանել են Խուրշուդյանին և այլոց, շարք կանգնեցրել, իսկ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանի ցուցումով Խուրշուդյանին և “մատնացույց արված” այլ անձանց հարկադրաբար տարել են ոստիկանության համապատասխանաբար Աշտարակի և այլ բաժանմունքներ: Ըստ Խուրշուդյանի վկայության` բացառապես Ա. Կարապետյանի ցուցումն է հիմք հանդիսացել իրեն բերման ենթարկելու համար, հետևապես նրան ազատությունից  զրկելը հետապնդել է քաղաքական նպատակ, իսկ ոստիկան Մարգարյանի զեկուցագիրը արհեստականորեն ստեղծված փաստաթուղթ է[13]: Հանրահավաքի մասնակիցների, նրանց թվում`Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ կալանքի հարցի քննությունը նույնպես ուղեկցվել է համանման պատժիչ գործընթացներով ու իրավունքի խախտումներով: Փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարության համաձայն` մեղադրյալ ներգրավելու համար Խուրշուդյանը քննչական կոմիտե է բերվել օգոստոսի 1-ին ժամը 14.00-ին, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության համար դատարան է տեղափոխվել ժամը 18.00-ի սահմաններում, այնուհետև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կալանքի հարցի քննարկումը սկսվել է ժամը 23.00-ի սահմաններում, և միայն գիշերվա ժամը 03.00-ի սահմաններում է արձակվել Խուրշուդյանին կալանավորելու որոշումը: Այդ ամբողջ ընթացքում Խուրշուդյանը եղել է դատարանի միջանցքներում: Նույն հարցով առավել երկար լսումներ իրականացվել են Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ  Սանասարյանի գործերով: Այդ ողջ ընթացքում դատարանի կարգադրիչներն արգելք են հանդիսացել նրանց սնունդ հանձնելու հարցում: Վերոթվարկյալ գործողությունների արդյունքում խախտվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 11 (անձի անձեռնմխելիության սկզբունքը), ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 153 հոդվածի (անձին բերման ենթարկելու հիմքերը և կարգը), 128 հոդվածի 1-ին մասի (ձերբակալման հիմքերը և կարգը), 134-137 հոդվածների (կալանավորման հիմքերը և կարգը), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը), 10-րդ հոդվածի (արտահայտվելու  ազատությունը), 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատությունը), 5-րդ հոդվածի (ազատության և անձնական  անձեռնմխելիության  իրավունքը), 6-րդ հոդվածի 1, 2, 3 կետի դենթակետի  (արդար դատաքննության իրավունքը) պահանջները: ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով նախատեսված հանցանքն անձին վերագրելու համար հարկավոր է՝ օբյեկտիվ կողմի գործողություններից թեկուզ մեկի դրսևորումը՝ բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Քննարկենք այն գործողությունների բովանդակությունը, որոնցով ուղեկցվում են զանգվածային անկարգությունները: Բռնությունը ենթադրում է քաղաքացիների կամ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի գործադրում: Ջարդերը ենթադրում են գույքի (օրինակ՝ տրանսպորտային միջոցների, կապի միջոցների, խանութների ցուցափեղկերի և այլն) զանգվածային ոչնչացում և վնասում: Գույքի ոչնչացումը ջարդերից տարբերվում է իր ծավալներով. հանցանքի այս տեսակի դեպքում նկատի են առնվում գույքի ոչնչացման եզակի, ոչ զանգվածային դեպքերը: Հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը ենթադրում է դրանց գործադրումն ըստ նպատակային նշանակության՝ կյանքից զրկելու, առողջությանը վնաս հասցնելու, սպառնալիք գործադրելու համար: Հակառակ դեպքում քննարկվող հատկանիշը բացակայում է: Իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալը դրսևորվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության գործադրմամբ իր գործառույթները կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ գործառույթների իրականացմանը խանգարելու ձևով: ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 225-ի երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգության մասնակցի կողմից վերը նշված հանցագործություններն անմիջականորեն կատարելու համար: Այն անձինք, ովքեր, թեև գտնվում են ամբոխի մեջ, բայց չեն մասնակցում վերը նշված հանցանքների կատարմանը, ենթակա չեն քրեական պատասխանատվության: Քննարկելով տվյալ գործողությունները՝ հասկանալի է, որ Հ. Խուրշուդյանը տվյալ հանցանքի օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել: Նա, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից, մասնակցել է հանրահավաքին, սակայն ոչ մի անօրեն գործողություն չի կատարել: Ակնհայտ է, որ նախաքննության և հետաքննության մարմինները դրսևորել են կանխակալ, ուղղորդված գործողություններ Հովսեփ Խուրշուդյանին ապօրինի մեղադրանք առաջադրելու համար, որով իսկ առաջադրված մեղադրանքը դառնում է քաղաքական հետապնդում: Հովսեփ Խուրշուդյանն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ է, հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) ղեկավար մարմնի անդամ և IV աշխատանքային խմբի համակարգող[14], ԵՄ ԱլԳ «Մշակույթ և ստեղծարարություն (Culture and Creativity)» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ, Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումի (Black Sea NGO Forum) «Կրթություն և մշակույթ» աշխատանքային խմբի համակարգող[15], ինչպես նաև` իր հիմնադրած «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ-ի միջոցով զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով և զանգվածային լրատվամիջոցներով հաճախ է քննադատել ՀՀ-ում իրավունքի ոտնահարումները: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրված մեղադրանքի վերլուծությունից ակնհայտ է, որ նրան առաջադրած մեղադրանքը հենված է ոչ թե հիմնավոր կասկածի վրա, այլ այն քաղաքական հետապնդում է: Իր դեմ հարուցված գործը հենց այդպես է որակում Հովսեփ Խուրշուդյանը [1] Խումբն իրեն հռչակել է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական շարժման ռազմական թև և իր գործողություններն անվանել է զինված ապստամբություն, տե՛ս, օրինակ, «Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, 17 հուլիսի, 2016թ., http://galatv.am/hy/news/157196/ [2] «Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում է, «Առաջին լրատվական», 31 հուլիսի, 2016թ., http://www.1in.am/1970881.html [3] Ոստիկանությունը «Սասնա ծռերի» աջակիցների ցույցերը ցրելու համար 74 հատուկ նռնակ է կիրառել, 15 օգոստոսի 2016թ., «Ազատություն» ռադիոկայան, http://www.azatutyun.am/a/27922123.html [4] Ձերբակալվել են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան»-ի անդամներ Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, 30 հուլիսի, 2016թ., «Ազատություն» ռադիոկայան, http://www.azatutyun.am/a/27889776.html [5]Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալված է, 30 հուլիսի, 2016թ., «Ա1+», http://www.a1plus.am/1477481.html [6] Մեջբերում Հովսեփ Խուրշուդյանին առաջադրված մեղադրանքի որոշումից [7] Ոստիկանությունը «Սասնա ծռերի» աջակիցների ցույցերը ցրելու համար 74 հատուկ նռնակ է կիրառել, 15 օգոստոսի, 2016թ., «Ազատություն» ռադիոկայան, http://www.azatutyun.am/a/27922123.html [8] ««Սարի թաղի» ոստիկանական գործողությունը և Հայաստանի նոր քաղբանտարկյալները»,  ձերբակալված անձանց պաշտպանների մասնակցությամբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած քննարկման զեկույցը, 4 օգոստոսի, 2016թ, http://aiisa.am/ourexperts/publication/146 [9] Սեդա Սաֆարյան. «Սարի թաղցիներին ասել են՝ հլը բախտներդ փորձեք ակտիվանաք՝ տեսեք ձեր երեխաների գլխին ինչ օյին է գալիս», «Առավոտ», քաղբանտարկյալների փաստաբաններ Սեդա Սաֆարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ասուլիսը, http://aiisa.am/ourexperts/comment/525 [10] Օրինակ, տե՛ս, Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի, ՄԱՀՀԻ զեկույցը 2016թ. հուլիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ՀՀ ոստիկանության կիրառած անհամաչափ և անիրավաչափ ուժի վերաբերյալ, http://aiisa.am/ourexperts/publication/66 [11] Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունված` 2004 թվականի ապրիլի 28-ին, http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=44537 [12] ««Սարի թաղի» ոստիկանական գործողությունը և Հայաստանի նոր քաղբանտարկյալները»,  ձերբակալված անձանց պաշտպանների մասնակցությամբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած քննարկման զեկույցը, 4 օգոստոսի, 2016թ., http://aiisa.am/ourexperts/publication/146 [13] «Ազատություն» ռադիոկայանի «Ըստ էության» հաղորդումից, հյուրերը` «Սարի թաղի» գործով ձերբակալված անձանց փաստաբանները, 18 օոգսոտսի, 2016թ. https://www.youtube.com/watch?v=eimFu0U5TOA [14] ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասրակության ֆորումի ղեկավար կազմը ըստ այդ կազմակերպության կայքէջի` http://eap-csf.eu/en/steering-committee1/contact_sc/ [15] Ս.Սաֆարյան, Հայաստանում քաղբանտարկյալների հարցը կդառնա միջազգային համաժողովների քննարկման առարկա, http://nt.am/am/news/225617/