Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն իշխանությունների շնորհիվ դարձել է ոչինչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
05.02.49

1990 թվականի օգոստոսի 23-ը պատմական դարձավ Հայաստանի համար՝ ընդունվեց անկախության  հռչակագիրը: Տեքստն ընթերցելը վստահվեց, այն ժամանակ երիտասարդդ ՀՀՇ-ական, խորհրդանշական անուն ազգանունով՝ Արամ Մանուկյանին: 26 տարի անց նա անձամբ է ստորագրում հռչակագրի տեքստի տակ ու հպարտանում, որ եղել է երկրի ծննդյան վկայականի ստեղծման  գործընթացի մի մասնիկը. «1990 թվականին, դեռեւս երկու ամիս է ինչ աշխատում էր խորհրդարանը եւ որեւէ մեկս պատգամավորական փորձ չենք ունեցել, երբ աշխատում էինք այս փաստաթղթի վրա: Մեկը բժիշկ էր, մեկը ուսուցիչ, մեկը գիտնական, բայց ծնվեց այս հրաշալի փաստաթուղթը, որը երբեւէ որեւէ մեկը չի քննադատել, սա հիրավի մեր երկրի պետականության հիմքն է»,- պատմում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Անկախությունը ձեռք բերելը դժվար է, բայց այն պահելը՝ ավելի դժվար: Արամ Մանուկյանը ցավով է  նշում, որ այսօր իշխանությունները չեն կատարում այդ առաքելությունը՝ նախ և առաջ իրենց վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, հատկապես՝ հարեւան երկրների հետ. «Հայաստանը, որպես այդպիսին, այս իշխանությունների շնորհիվ դարձել է ոչինչ, այն որեւէ ազդեցիկ միջոց չունի, որ իր անկախությունն ու պետականությունը ուժեղացնի: Այ սա ես համարում  եմ իրական անկախության կորուստ»: Հանրապետության անկախության պահպանման համար, ՀԱԿ-ում օրակարգային է մնում իշխանափոխություն հարցը, սակայն դրան հասնելու համար բոլոր մեթոդները չէ, որ նրանք ընդունում են: «Սասնա Ծռերի»  ընտրած տարբերակն անընդունելի էր: Բռնությունն իրենց մեթոդը չի. «Մենք ոչնչով չնպաստեցինք վիճակի սրացմանը , որովհետեւ լուրջ վտանգ էինք զգում, որ կարող է այն վերածվել պետականության կորստի կամ  քաղաքացիական պատերազմի: Մենք ապահովագրված չենք ավելի քան Ուկրաինան, Սիրիան, Վրաստանը: Հայաստանն իրավունք չունի ռիսկի դնելու ժողովրդի այստեղ  ապրելու իրավունքը, մենք այդքան հզոր չենք, մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ հզորների ոտքի տակ չընկնենք»: