Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Էրեբունի ԲԿ երկու բժիշկներ կայցելեն Հովհաննես Հարությունյանին» (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-8

Օգոստոսի 23-ին, ժամը 16:00-ին ակցիայի մասնակիցները հավաքվեցին ՄԻՊ գրասենյակի մոտ՝ բարձրաձայնելու վիրավորված «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն տրամադրելու խնդրի մասին։ Այնուհետև նրանք երթով շարժվեցին  դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև՝ Դատապարտյալների հիվանդանոց։ «Սասնա ծռերի» աջակիցները դեռ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի հարակից տարածքում են` պահանջելով վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն: «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալն արդեն մի քանի օր է չի կարողանում շարժել ոտքը, նրան վիրահատություն է անհրաժեշտ: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետի հետ, ով ասել է, որ վաղը ժամը 14-15-ի սահմաններում Էրեբունի ԲԿ երկու բժիշկներ կայցելեն հիվանդանոց, կծանոթանան իրավիճակին` հասկանալու ինչ օգնություն է անհրաժեշտ: Պետը հավելել է, որ վիրահատությունը պետք է կատարվի Էրեբունի ԲԿ-ում: «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Կարագյոզյանը  «Դատապարտյալների հիվանդանոցի» առաջ հավաքվածներին ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական վիճակը և ասաց, որ նա դեռևս ցավեր ունի։ Հիշեցնենք, որ Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով մտահոգ նրանց հարազատները, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ այսօր Մարդու իրավունքների գրասենյակում ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»: «Ներարկումներ են կատարում, բայց մի ժամից, երկու ժամից հետո նորից ցավերը շարունակվում են»,-լրագրողներին իր պաշտպանյալների հետ հանդիպումից հետո ասաց փաստաբանը և նշեց, որ իրենք, որպես պաշտպաններ, գնահատում են, որ Հովհաննես Հարությունյանի բուժօգնությունը պատշաճ չի իրականացվում: Փաստաբանը հայտարարեց, որ իրենք ստիպված են վաղը Խոշտանգումների կանխարգելման կոմիտե դիմել: «Գոնե այդ կոմիտեն ինչ-որ ձևով կարողանա ազդել, որ շտապ վիրահատություն տեղի ունենա»,-ասաց նա: Արա Կարագյոզյանն ասաց, որ իր ներկայությամբ եկել են իր պաշտպանյալի ճնշումը և ջերմությունը չափել: «Նորմալ էր, բայց ոտքերի ցավերը կան: Մենք նորից պնդում ենք, որ Էրեբունի ԲԿ-ում առաջին իսկ օրերից պետք է գտնվեր Հովհաննես Հարությունյանը և ոչ թե  Դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց նա: Փաստաբանը նշեց, որ դիմել են Արդարադատության նախարարություն, Առողջապահության նախարարություն, թե ինչու վիրահատություն չի իրականացվում։ Պատասխանել են, որ ժամանակը չէ դեռ, մինչդեռ բժշկական հիմնավորում չի ներկայացվել: Ի դեպ, փաստաբանն ասաց, որ ՄԻՊ ներկայացուցիչները ևս իր պաշտպանյալի մոտ էին, ովքեր ասել են, թե նորմալ վիճակ է: «Բայց մենք ասացինք, որ նորմալ վիճակ չէ»,-ասաց նա: