Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով

Սպորտ
FotorCreated-3

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում երեկ  ավարտվեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց 42-րդ տեղը 88 երկրների մեջ: Այդ հաշվարկով մրցակցությունից դուրս էր ԱՄՆ-ի հավաքականը, որը ընդհանուր առմամբ Ռիոյից իր հետ տարավ 121 մեդալ, այդ թվում 46 ոսկի: Մեր մարզիկներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը հասավ եզրափակիչ եւ միայն մրցավարների անհիմն որոշումների պատճառով զրկվեց ոսկե մեդալից: Սակայն, այս մարզաձեւում մենք ունեցանք լուրջ ձախողում, քանի որ 2015թ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց արդեն առաջին մրցափուլում եւ դուրս մնաց պայքարից: Հաջող հանդես եկան նաեւ մեր ծանրորդները: Նրանցից երկուսը՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, իրենց քաշային կարգում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի: Ավաղ, այստեղ մենք նույնպես լուրջ ձախողումներ ունեցանք: Անդրանիկ Կարապետյանը, որը առաջին վարժությունից հետո վստահ զբաղեցնում էր 2-րդ տեղը, երկրորդ վարժության ժամանակ լուրջ վնասվածք ստացավ (ձեռքը դուրս ընկավ) եւ մրցանակային տեղից զրկվեց: Մրցումները չկարողացավ ավարտել նաեւ Առաքել Միրզոյանը, որը ոտքը վնասեց արդեն առաջին վարժության ժամանակ: Վատ հանդես չեկան նաեւ Նազիկ Ավդալյանը (5-րդ տեղ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (4-րդ տեղ): Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ մեր ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, որի բախտը չբերեց այնքանով, որ կիսաեզրափակիչում հանդիպեց օլիմպիական խաղերի ապագա չեմպիոնի հետ եւ պարտվեց: Ցավոք, նա 3-րդ տեղի համար մրցամարտի վերջում թանկագին 2 միավոր կորցրեց, մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը եւ դրա արդյունքում դառնալ մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս ազատ ոճայինները պարզապես հիասթափեցրին իրենց ելույթներով: Ռիո-2016-ից Հայաստանի համար մեդալ կարող էր բերել նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը: Սակայն եզրափակիչ մրցումներում նա իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց նախավերջին 7-րդ տեղը: Մեր բռնցքամարտիկները լիովին ձախողվեցին օլիմպիական խաղերում, թեեւ որոշակի սպասելիքներ կային նրանցից: Ավաղ, նրանք չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ի դեպ, մերոնց մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվել հասնել եզրափակիչ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդներն այնքան էլ բարձր կարգի չէին: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը բավական դժգոհ է մնացել մեր աթլետների ելույթներից:  Ավելին, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չի ներկայացել մրցմանը, եւ այդ մասին ոչինչ չի հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (ըստ մեր ունեցած աղբյուրների, նա Ռիոյում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի հայտավորվել մրցմանը): Բրազիլիայում վնասվածք ստանալու պատճառով մրցուղի չի կարողացել դուրս գալ նաեւ մեր լողորդուհի Մոնիկա Վասիլյանը: Ամփոփելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները, կարելի է ասել, որ այն եւ ստացվեց, եւ՝ չստացվեց: Ստացվեց, քանի որ այս անգամ ավելի շատ ազնիվ մետաղի մեդալներ նվաճեցինք, քան նախորդ օլիմպիական խաղերում, այդ թվում ոսկի, որի փայլքը չէինք տեսել ուղիղ 20 տարի: Չստացվեց, որովհետեւ ունեցանք բազում ձախողումներ, վնասվածներ, չկարողացանք պայքար մղել անգամ համեմատաբար թույլ մրցակիցների դեմ, ցույց տալ այն արդյունքերը, որոնք արձանագրել էինք մինչեւ օլիմպիական խաղերը: