Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք Քոչարյանի գրպանի կուսակցությունը չենք». ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b6df9eafa8d28033f95c4c3830dbb5ac

1998-ի աշնանը Հանրապետական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն իր կուսակցությանը չէր նույնացնում իշխանության հետ. «Ցավոք սրտի, հասարակության մեջ նույնացվում են իշխանությունը եւ մեր կուսակցությունը եւ իշխանության կատարած սոցիալական քայլերը որոշակի դժգոհություն են առաջացնում ժողովրդի մեջ, բնականաբար արհեստականորեն այդ դժգոհությունը փոխանցվում է մեր կուսակցությանը, որն իրականությանը չի համապատասխանում»: Չնայած դրան, Հանրապետականը Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ պատրաստվում էր հաջորդ տարվա մայիսի խորհրդարանի ընտրություններին եւ արդար ընտրություններ չէր երաշխավորում. «Ուղղակի սխալ են մեկնաբանում, որ կուսակցությունը վերցնում է ամբողջ պատասխանատվությունը ընտրությունների արդար կատարման: Մենք վերցնում ենք մեր բաժին պատասխանատվությունը: Մենք իշխանություններ չենք եւ մենք պատասխանատու չենք մյուս կուսակցությունների կատարած աշխատանքի»: 1998-ի աշնանը նույն տարվա նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքով խորհրդարանի ընտրություններին մասնակցելու մասին դեռ խոսք չկա: Կուսակցությունը խորհրդարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հենարանն է Երկրապահի եւ Դաշնակցության հետ. «Մենք համաձայն չենք, որ մենք Ռոբերտ Քոչարյանի գրպանի կուսակցությունն ենք»: Թեպետ կառավարության կազմում Հանրապետական են միայն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը, ոչինչ այս կուսակցությանը չի խանգարում խորհրդարան մտնել կայուն մեծամասնությամբ «Ես այդքան լավատես չեմ, ես մեր համագումարում ասեցի, որ մենք ձգտելու ենք որակական մեծամասնություն կազմել ԱԺ-ում»,-շեշտում է նա։ Անդրանիկ Մարգարյանը չի ընդունում, որ ՀՀՇ-ի հեռացումից հետո ՀՀՇ-ական բյուրոկրատական ամբողջ ապարատը թափով անդամագրվում է Հանրապետականին: Ինքը մխիթարվելու բան ունի. «Հանրապետական կուսակցության նախկին խորհրդի անդամներից ոչ մեկին չենք կարող մեղադրել, որ ինքը գոնե մեկ կրպակ ունի»: «Ա1+»-ի «Հետգրության» հերթական հյուրը բնավ էլ կտրուկ շեշտադրումներով չի խոսում առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու մասին. «Ես մտածում եմ, որ արջի ծառայություն մատուցողներ կլինեն, բայց մենք ոչ մեկի առաջ էդպիսի խնդիր չենք դրել»: Ինքն այստեղ ոչինչ անել չի կարող, նա նույնիսկ ընդդիմության շունչը չի զգում: 1999-ի խորհրդարանի ընտրություններում Անդրանիկ Մարգարյանը դառնում է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար: Վազգեն Սարգսյանի սպանությունից կես տարի հետո Անդրանիկ Մարգարյանը դառնում է Հայաստանի վարչապետ: Մահանում է 2007-ի մարտի 25-ին: