Խանդոյանների մայրը մեդալներն ու տունը հետ կտա (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը դեռևս կմնա կալանավորված։ Նրա խափանման միջոցը վերացնելու հարցով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Արարատ Խանդոյանը չէր բերվել Վերաքննիչ քրեական դատարան։ «Դատախազը առաջարկեց, որ առանց իմ պաշտպանյալի գործը սկսեն, բայց ես առարկեցի ու դատարանը իմ միջնորդությունը բավարարվեց։ Իր վերաբերյալ է գործը քննվում, և սա սովորական գործ չի, տեսնում ենք որ քաղաքական որոշում է կայացվում բնական է, որ իմ պաշտպանյալը պետք է ներկա գտնվի»,- ասաց Արարատի փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով։ «Որևէ ապացույց քննիչի կողմից դատարանին չներկայացվեց, որ իմ պաշտպանյալը նման արարք է գործել, այնտեղ տեսանյութերում երևում է, որ Արարատ Խանդոյանը միայն հանգստացրել է և հանդարտման կոչեր է հնչեցրել։ Իր եղբոր համար է նստեցված և այս ամեն ինչը ապօրինի որոշում է»,- նշում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանն է։ Վերջինս պատգարակով այսօր բերվել է դատարան, և Վերաքննիչը մերժել է Հովհաննեսի խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը։ «Այս դատարանները միայն սպառման միջոց են, այս դատարաններն ի վիճակի չեն արդարադատություն իրականացնել, Եվրոպական դատարան ենք դիմելու՝ ապօրինի կալանավորման համար»,- ասում է փաստաբան Ղարագյոզյանը։ Որդուն՝ Արարատ Խանդոյանին ազատ տեսնելու հույսով ի թիվս այլ քաղաքացիների այսօր դատարան էր եկել նաև Ռիմա Խանդոյանը։ Նրա վստահեցմամբ՝ որդին որևէ մեղավորություն չունի ու եթե դատարանը ազատ չարձակի, ինքն իր ձևով դրան պատասխան կտա։ «Մեզ բնակարան են տվել, բնակարանն էլ կհանձնեմ իրենց, կոչումներն էլ կհանձնեմ իրենց, որպես հերոսի մայր ստացել եմ նախարարի ձեռքից Ծովակալ Իսակով մեդալը, այդ պարգևներն էլ բոլորն իրենց»,- ասում է Խանդոյանների մայրը։ Տիկին Ռիման լավ կարծիքի չէ դատական համակարգի մասին, սակայն Արարատի դեպքում հույս ունի, որ ազատման որոշում կկայացվի։ Մանավանդ, որ նրա առողջական վիճակը վատթարացել է։ «Իր լյարդի մեկ չորրորդ մասը հեռացված է, փայծախ չունի, հաստ աղին 30 սանտիմետր պլասմասսա է դրված։ Երևի ինձ Աստված է պահում, որ ես իմ որդիներին ազատ տեսնեմ նոր գերեզման գնամ»,- նշեց Ռիմա Խանդոյանը։ Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին։