Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյուրեղյան եղբայրների մորն ուղարկված ծանուցագիրը չեղարկվել է

Քաղաքականություն
Nkar-Nvard-Kyurexyan

Կյուրեղյանների փաստաբան Տիգրան Եգորյանին ոստիկանությունը փաստաթուղթ չի ներկայացրել, թե ինչ հիմքով էր այսօր բերման ենթարկվել Կյուրեղյան եղբայրների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը: Վերջինիս ավելի վաղ ազատ արձակելուց հետո միայն ծանուցագիր էին տվել, որ այսօր ժամը 19:30-ին   կրկին ներկայանա ոստիկանական բաժանմունք: «Քննիչը զանգեց, խնդրեց, որպեսզի չներկայանանք և երաշխիքներ տվեց, որ այս կապակցությամբ որևէ խնդիր չի առաջանա և խոստացավ նաև օրերս զանգահարել և տեղեկացնել, թե ինչն էր պատճառը, ինչպես նաև  հետագա քայլերի մասին ծանուցի: Այսինքն մեզ ասացին, որ այսօրվա այդ 19:30 ծանուցագիրը չեղարկվել է, խնդրում ենք քննչական բաժին չներկայանալ՝ դրա անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառով»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին բերման էր ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը: Ըստ տեղեկությունների՝ նրա մոտ դանակ էր հայտնաբերվել: Նշենք նաև, որ սույն գործով ՀՀ Քննչական Կոմիտեն ծառայողական քննություն է նշանակել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առիթով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության: Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ»: Լուսանկարը՝ Ազատության ռադիոկայանի