«Այրվածքներից հետո ոնց պետքա լինեմ՝ մրմուռով» (տեսանյութ)

Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով այրվածներ ստացած Թամարա Մանուկյանն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Թամարան դեպքի մանրամասները չի պատմում՝ փաստաբանը դեռ թույլ չի տալիս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Այրվել է մարմնի 16 տոկոսը: Այրվածքները սակայն  մակերեսային են, ապաքինումը ավելի արագ  կընթանա:

Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում  հունիսի 30-ին Բաղրամյան  պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Լավագույն արդյունքի դեպքում՝ եթե բարդություններ չառաջանան Քաջիկ Գրիգորյանը  դեռ մի քանի ամիս, ընդհուպ, մինչեւ մեկ տարի պետք է բուժում անցնի՝ ամբողջությամբ ապաքինվելու համար:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքի տարբեր հիվանդանոցներում իրենց բուժումը շարունակում է 42 անձ, նրանցից 9 ոստիկան են, 4 լրագրող, 3-ը՝ զինյալ խմբից: ՊՊԾ գնդի տարածքից, երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։