Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործում որեւէ տեղեկություն չկա, որ Գագիկ Եղիազարյանը հանձնվել է

Քաղաքականություն
exiaz1

«Ա1+»-ի տեղեկություններով, «Սասնա ծռերի» ձերբակալված զինյալ Գագիկ Եղիազարյանի քրեական գործում որեւէ տեղեկություն չկա, որ նա հանձնվել է իրավապահներին: Նա մոտեցել է ոստիկաններին, որպեսզի վիրավորներից մեկի համար պատգարակ վերցնի: Ըստ պայմանավորվածության, նա եւ Արամ Հակոբյանը պատգարակի համար պետք է մոտենային անզեն եւ ձեռքերը վեր պարզած: Ոստիկանության տարածած առաջին տեսանյութում Գագիկ Եղիազարյանը երեւում է միայն ձեռքերը վեր պարզած, որից էլ տպավորություն է ստեղծվում, թե նա հանձնվում է հնազանդորեն: Մոտենալուց հետո հատուկ ուժերը հարձակվել են Գագիկ Եղիազարյանի վրա եւ բռնությունների կիրառմամբ տարել ԱԱԾ: «Նրա հանձնվելու տեսանյութը մոնտաժված է, սա կարող եմ ասել միայն»,-«Ա1+»-ին ասում է ձերբակալված երկու զինյալների փաստաբան Լուսինե Հակոբյանը: Վերջինս նշում է, որ իր պաշտպանյալների կալանքի որոշումը դատավոր Էդիկ Ավետիսյանը կայացրել է տառացիորեն նույն մեղադրանքի հիման վրա, «ոչ մի տառը չի փոխվել, բացի քննիչների եւ մեղադրյալների անունից»: Դատավոր Էդիկ Ավետիսյանը ազատ արձակելու՝ փաստաբանի միջնորդության քննարկման ժամանակ Գագիկ Եղիազարյանին ասել է՝ եթե քեզ բաց թողնեմ, գնալու ես միանաս իրենց (ՊՊԾ գնդում գտնվող մյուս զինյալներին-խմբ): Գագիկ Եղիազարյանը հակադարձել է՝ բայց ես ՊՊԾ տարածք մտնելու տարբերակ ունե՞մ, ինձ ներս կթողնե՞ն: Ըստ Լուսինե Հակոբյանի, իր պաշտպանյալների վրայից պետք է հանվի առնվազն երկու մեղադրանք՝ շենք, շինություններ ոչնչացնելու սպառնալիքի եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքները: «Շենք շինություն ոչնչացնելու սպառնալիք իմ պաշտպանյալների հայտարարություններում չկա, ինչ վերաբերում է ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքին, ոչ մի ապացույց չունեն, որ ՊՊԾ տարածք մտնելիս Գագիկն ու Արամը զինված են եղել»,-ասում է փաստաբան Լուսինե Հակոբյանը: Դատարանում փաստաբանի այս փաստարկներից դատավոր Էդիկ Ավետիսյանը պաշտպանվել է՝ ասելով. «Դրանցով հարուցվել է, բայց հլը էնքան բան կփոխվի»: «Ասում եմ՝ բայց դու սրանցով ես կայացրել կալանքի որոշումը, քաղաքացի դատավոր»,-ներկայացնում է փաստաբանը: Ի դեպ, նա հիշեցրեց, որ առ այսօր Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը դատաբժշկական փորձարկում չեն անցել: «Սպասում են, որ նրանց հանդեպ կիրառած բռնությունների բոլոր հետքերն անցնեն»,-պարզաբանեց Լուսինե Հակոբյանը: