Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդիր են ունեցել անպայման իրականացնել գործողությունները. ԺՈՒԿ

Քաղաքականություն
Untitledewew

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության խորհուրդը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում խաղաղ ցուցարարների, լրագրողների ու տեղի բնակչության նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված «դահիճ» գործառույթները և այդ կապակցությամբ հայտարարում է Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված աննախադեպ դահիճ գործողություններն ու մարդկանց առևանգումներն, այդ թվում՝ տեղի բնակչության իրավունքների ոտնահարումը, նույնականացնելով ֆաշիստական Գերմանիայի «ՍՍ»-ական ոճի բռնարարքներ, որոնք ուղեկցվել են և հանգեցրել են մարդկանց կյանքի ու առողջության համար տարբեր աստիճանի վտանգավոր հետևանքներով, ինչպես նաև իրավական ու առողջ բանականության հիմքից զուրկ այլ գործողություններ: Ոստիկանության կողմից կիրառված, այսպես կոչված, հատուկ միջոցներն արդյունք է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատումն ու ոչ ադեկվատ պահվածքը, ովքեր էլ նախաձեռնեցին, և իրենց քաղաքացիական հագուստով (որոնց ինքնությունը դեռ հարկավոր է պարզել), հրոսակախմբերի կողմից իրականացրեցին նշված ապօրինի գործողությունները: Բացի քաղաքացիների, պատգամավորի և ավագանու անդամների նկատմամբ ծեծուջարդից, տեղի բնակչության տարբեր տարիքի ու սեռի մարդկանց ներկայությամբ հնչեցվել են ոստիկանին անվայել, իսկ սպայական կազմին անհարիր, մարդու անձը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ: Ականատեսների վկայությամբ՝ նշված ստահակներն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալը, գտնվել են, մեղմ ասած, ոչ սթափ վիճակում, այդ թվում՝ թմրամիջոցների ազդեցության ներքո: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ կան հարյուրավոր տուժածներ՝ ցուցարարներ, տեղի բնակչություն և լրագրողներ, իսկ ոստիկանության կողմից՝  ընդամենը մեկ տուժած, ով բեկորային վնասվածք է ստացել հենց հատուկ միջոցների ոչ ճիշտ կիրառման պատճառով: Լրագրողների նկատմամբ բռնարարքները իրականացվել են ընտրովի սկզբունքով ծեծել ու սարքավորումներ են վնասել այն լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ, ովքեր, թեև օբյեկտիվ, սակայն իշխանությանը անհաճո տեղեկատվություն են հաղորդում հասարակությանը, և հակառակը անկասելի են մնացել նրանք, ովքեր հասարակությանը ներկայացնում է խեղաթյուրված, սակայն իշխանության դիրքորոշումը արտահայտող լրատվություն: Հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվել է գործող օրենքի կոպիտ խախտմամբ, հաշվի չի առվել գեթ ոչ մի հանգամանք, որի ժամանակ դրանց կիրառումն ուղղակի անթույլատրելի է: Նույնիսկ, ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելուց առաջ, չի՛   նախազգուշացվել, չի՛ տրվել ողջամիտ ժամկետ տարածքը լքելու համար: Այս հանգամանքը ապացույց է, որ դահիճ գործողություններ նախաձեռնողները խնդիր են ունեցել անպայման իրականացնել նշված գործողությունները՝ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սփռելու նպատակով: Երբ ցույցի մասնակիցները փորձել են Սարի թաղից դուրս գալ Նարդոս փողոց ու հեռանան, այնտեղ՝ վերջիններիս, սպասում էին ոստիկանության կարմիր բերետավորներն, ովքեր «կալցո» օպերացիայի միջոցով իրականացնում էին մարդաորս, և այդ ամենը կրկին ուղղորդվում էր շփոթմունքի մեջ ընկած մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներով ծեծուջարդի միջոցով, բերման ենթարկելով: Խնդիրի հանգուցալուծումը շարունակվել է բուժհաստատություններում, որտեղ շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին տուժածները՝ այնտեղ քաղաքացիական հագուստով և ինքնաձիգերով զինված ոստիկանները շարունակում էին իրենց «ռեպրեսիվ» գործողությունները տուժածների հարազատների նկատմամբ՝ ոտնահարելով ու սահմանափակելով վերջիններիս նույնիսկ տարրական իրավունքները: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության խորհուրդը, դատապարտելով իշխանությունների նման պահվածքն ու ոստիկանության ֆաշիստական մոտեցումները, ՀՀ իշխանություններից պահանջում է վերջ դնել սեփական ժողովրդի հալածանքներին ու պատժել 29.07.2016թ-ին Սարի թաղում իրականացված, անմարդկային պահվածք դրսևորած ոստիկանների ու քաղաքացիական հագուստով անձանց նկատմամբ: Այլապես, կհամարվի, որ իրականացվածը հրահանգավորվել է անմիջապես երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից:   Ժողովրդավարական ուղի կուսակցության խորհուրդ 30.07.2016թ.