Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործների խումբը պայքարում է ժողովրդի  դեմ. իրավապաշտպան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zeynalyan

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը չի կարծում, թե գիշերը  Սարի թաղում ցուցարարների հետ գործ են ունեցել ոստիկանները. «Նրանք ոստիկաններ չեն, դա հրոսակախումբ է, հանցագործներ։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իրավական հարթությունից դուրս է։ Այդ խմբավորումը, որը ոստիկանի համազգեստով է,  որեւէ առնչություն չունի ոստիկանության հետ, նրանք դուրս են օրենքից, սահմանադրական կարգից։ Ոստիկանը քաղաքացիական հագուստով չի կարող իրականացնել ծառայություն։ Դա հրոսակ է, հանցագործների խումբ, որը պայքարում է ժողովրդի  դեմ»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե իրավու՞նք ուներ ոստիկանությունը պայթուցիկներ կիրառել բնակելի թաղամասում, իրավապաշտպանը պատասխանեց. «Հատուկ միջոցներ կիրառելիս ոստիկանությունը պետք է հաշվի առներ, գնահատեր դրանց հետեւանքները կողմնակի անձանց, նրանց ունեցվածքի նկատմամբ, բայց այն իրավիճակը, որը կա մեր երկրում, կարելի է համարել անկառավարելի եւ ճգնաժամային»։ Մեր դիտարկմանը, թե ով է պատասխանատու քաղաքացիների կրած վնասների համար եւ այդ հարցով ում կարելի է դիմել, իրավապաշտպանն արձագանքեց։ «Եթե անգամ Հայաստանում տեսականորեն կա իրավունքի պաշտպանության ինչ- որ ձեւ, ինչին ես կասկածում եմ, ապա գործնականում դա անիրագործելի է, այն էլ՝ նման ծավալների իրավախախտումների դեպքում։ Հայաստանում իրավունքների պաշտպանության իրավական միջոց չկա, այնպես որ՝ քաղաքացիները իրենք պետք է մտածեն, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները»։ Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանությունը Սարի թաղում հատուկ միջոցներ՝ պայթուցիկներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով տուժել են նաեւ լրագրողներ, հարակից տարածքի բնակիչները։ Կան 100-ից ավելի ձերբակալվածներ, իսկ բուժհաստատություններ է տեղափոխվել 60 մարդ։