Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմենակ Կյուրեղյանը սպասում է իշխանությունների արձագանքին (տեսանյութ)

Քաղաքականություն
armenak

Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբում գտնվող Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, հայտարարեց՝ իր օժանդակությունն է հայտնում, որ պատրաստ է ամեն ինչ տալ, որ լարված իրավիճակը հանգուցալուծվի առանց բախումների. «Ես կարող եմ հանդիպել եւ «Սասնա ծռեր» խմբի հետ, եւ Ժիրայր Սեֆիլյանի, եւ իշխանությունների հետ եւ միասին՝ այդ երեք կողմերի հետ քննարկել, գտնել այն ուղին, որ կբերի այս հարցի խաղաղ լուծման: Սպասում եմ իշխանություններից ցանկացած կոմպետենտ անձի արձագանքին, սակայն դեռ ոչ մի արձագանք չի եղել:  Բանակցությունների արդյունքում ցանկացած զիջում պետք է փոխադարձ պայմանավորվածությամբ լինի, որ խաղաղ լուծում գտնվի: Պետք է լինի պատրաստակամություն իշխանությունների կողմից, գոնե կես քայլ այդ ուղղությամբ նկատեի: Ես սպասում եմ իշխանությունների բարի կամքին. եթե ողջամիտ են իշխանությունները, պետք է պատրաստ լինեն բարի կամք դրսեւորելուն: Այստեղ հայ ժողովրդի պարտության հարցն է դրված, ամբիցիաները պետք է դրվեն կողքի»: Նա ընդգծեց, որ «Սասնա ծռեր»-ի տղաներն  անվստահություն են ցուցաբերում Արցախի հերոս Վիտալի Բալասանայանի կողմից բանակցություններին. «Ես կարծում եմ՝ ինչքան մարդ ներգրավված լինի այս գործում, այնքան լավ: Եթե Ժիրայր Սեֆիլյանը հրաման տա, տղաները զենքը  վայր կդնեն»: Պարոն Կյուրեղյանը նշեց, որ ՊՊԾ գնդում գտնվող շտապօգնության բժիշկներին ինքը պատանդ չի համարում. «Նրանք կամովին են այնտեղ ու կատարում են Հիպոկրատի երդումը՝ օգնում են վիրավորներին: Ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ ժողովուրդը «Սասնա ծռեր»-ին ահաբեկիչ չի համարում»:

Հուլիսի 17-ից ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:ՊՊԾ գնդի վրա հարձակման  հետեւանքով  գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր,  4 անձ   վիրավորվել։

7 օր շարունակ Սասնա ծռերի անդամները պատանդ էին պահում ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նրանք ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո որոշվեց, որ պատանդներին ազատ արձակելուց հետո ստեղծվելու է մամուլի կենտրոն: Միայն հուլիսի 23-ին ապստամբները կարողացան հանդիպել լրատվամիջոցների հետ:

Հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդում ծանր գնդացրային վիրավորում է ստացել «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը եւ իրավապահներից մեկը:    Ներկա պահին Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ որդուն՝ Արամին,  վիրահատությունից հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իրավապահները կրակ էին բացել, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բժիշկներին հանձնել գնդի վիրավոր անդամին։ Հենց այդ ժամանակ էլ խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են իրավապահների ձեռքում։

 Հուլիսի 27-ին տարածք մտած «Շտապ օգնության» 4 աշխատողներին «Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տվել դուրս գալ: Խմբի անդամները նշում են, որ իրենց շուրջօրյա բժշկական օգնություն է հարկավոր, ներսում վիրավորներ կան: Իսկ իրավապահները նշում են՝ նրանք պատանդ են: Ավելի ուշ ազատ արձակեցին չորս բուժաշխատողներից մեկին` բուժակ Դավիթ Տոնոյանին։

 Հուլիսի 26-ից կալանավորված են նաեւ ՊՊԾ տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ոտքերի հրազենային վիրավորումներ են  ստացած  Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Այս պահին ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը