Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է ներգրավվել որպես բանակցող (տեսանյութ)

Հասարակություն
tarxanyan

«Էրեբունու ՊՊԾ Շենքը գրաված տղաներից մեկի՝ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, պատրաստ է ներգրավվել որպես բանակցող»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: «Ունեմ իր կողմից ինֆորմացիա, որ ինքը պատրաստ է դա անել»,-ասաց տիկին Թարխանյանը՝ դժվարանալով պատասխանել, թե արդյոք պատկան մարմիններին այդ հարցով դիմում եղել է: Ճարտարապետը նշեց, որ ՊՊԾ գնդում գտնվող տղաները մեր հերոսներն են, ազգի սերուցքը եւ այն, ինչ այսօր նրանք անում են, անգնահատելի է: Տիկին Թարխանյանը կոչ արեց քայլեր ձեռնարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման համար. «Միայն լոզունգներով, կոչերով չպետք է սահմանափակվենք, այլ կոնկրետ քայլերով: Դժվարանում եմ ասել, թե ինչը ճիշտ կլինի, բայց  պետք է այնպես լինի, որ չխանգարենք կամ չվնասենք մեր հերոսներին»: Ըստ ճարտարապետի՝ պաշտոնական տեղեկատվությունը, որը հաղորդվում է, խեղաթյուրում է իրականությունը եւ այն, թե ինչ է իրականում կատարվում ՊՊԾ շենքի ներսում: «Իրավապահ մարմինների արարքները սարսափելի անբարոյական են եւ որեւէ մարդկային, համամարդկային հասկացության մեջ չեն ընդգրկվում»,-ասաց նա: Լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, ՊՊԾ շենքում այդքան տղամարդկանց մեջ պահել բուժքրոջը, Անահիտ Թարխանյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ խնդիր կա կնոջ այնտեղ գտնվելու մեջ: Նախեւառաջ պետք է քննարկվեն իրավապահ մարմիններում աշխատող այն կանայք, ովքեր նախորդ օրերին տեսանք, թե ինչպիսի վայրագություններ ցուցաբերեցին հանրության նկատմամբ: Պարոն Գասպարյանը լավագույն բանը կանի, եթե ազատի նրանց աշխատանքից»,-նշեց նա՝ ընդգծելով, թե չի կարծում, որ բժիշկները ՊՊԾ գնդում սեփական կամքին հակառակ են պահվում: Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի խնդրին, ապա ճարտարապետի խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, որ  իրենց դիմումը հասել է Արգենտինայի դատախազություն եւ այժմ այնտեղ ուսումնասիրվում է, սակայն այս պահին դա այդքան էլ կարեւոր չէ. «Նույնիսկ մեկ կաթիլ արյունը մեր հերոսների հազարավոր շենքեր չարժե:  Կքանդվի՞, ոչինչ, ժամանակը կգա՝ կվերականգնենք: Ովքեր կքանդեն, նրանց հաշվին էլ կվերականգնենք, իսկ հիմա կան ավելի արդիական խնդիրներ»: