Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններն իրավունք ունեն կիրառելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
garnik

Վիտալի Բալասանյանը ցանկացած պահի պատրաստ է վերսկսելու բանակցությունները: Նա սպասում է զինված տղաների կողմից նման ցանկության, սակայն ոչ իրենց պայմաններով. Այսօր հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նա հիշեցնում է՝ ով է ինքը եղել՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ նրա խորհրդականը ազգային անվտանգության հարցերով 2004-2009 թթ։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ հենց առաջին օրվանից ձեռնամուխ է եղել որոշակի գործողությունների, որ խաղաղ լուծում գտնեն. «Իշխանություններն ընդառաջել են մեր այդ ցանկությանը՝ մենք փոխարինենք Էրեբունու ՊՊԾ գնդի ներսում պատանդ գտնվող ոստիկաններին, ու մենք կամավորության սկզբունքով մնանք իրենց մոտ, սակայն «Սասնա ծռեր»-ի տղաների կողմից դա մերժվել է: Մենք առաջարկեցինք չորս հոգով մտնել ներս, սակայն տղաները ասացին, որ միայն Վիտալի Բալասանյանը ներս մտնի, որն էլ կարողացավ համոզել տղաներին, որ Աշոտ Մինասյանն էլ ներս մտնի: Բանակցությունները հրաշալի էին ընթանում ու արդյունքը երկար սպասել չտվեց: Արդյունքում 65-ից ավելի լրագրող ու 30-ից ավելի տեսախցիկ ներս մտավ ու եղել էր պայման, որ տղաներից որեւէ մեկը զինված իրավունք չունի լրագրողների մոտ երեւալ, սակայն այդ պայմանը խախտվեց: Երբ հնչեցին կրակոցներ, Վիտալի Բալասանյանը խնդրեց լրագրողներին լքել տարածքը: Ներսում եղած տղաները բոլոր պայմանները խախտել են»: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը եղել են Վիտալի Բալասանյանը, Ալեք Ենիգոմշյանը, ինքը՝ Գառնիկ Իսագուլյանը եւ եւս մեկը: Թե ով է եղել այդ չորրորդ անձը, «Ա1+»-ի հարցին ի պատասխան, նա ընդամենը ասաց. «Եղել է մարդ, որ արձանագրել է Ժիրայր Սեֆիլյանի հետ զրույցը: Այն, ինչ հայտարարել է Վիտալի Բալասանյանը, ճիշտ է, սակայն Ենիգոմշյանն ասաց, որ սխալ է, հետո ասաց, թե ենթատեքստից ՝ ընդամենը կտրված եղել: Խոսքն այն մասին է, որ Բալասանյանը փոխանցեց, թե Սեֆիլյանը այս պահին չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Թե ինչու է Ժիրայր Սեֆիլյանը փոխել իր տեսակետը դա այլ խնդիր է: Ժիրայր Սեֆիլյանը շատ լավ հասկանում է, որ Վիտալի Բալասանյանը զինվորական է՝ լսում է ուղիղ, հասկանում է ուղիղ ու փոխանցում ուղիղ: Ու հանկարծ տղաները հայտարարեցին, որ Աշոտ Մինասյանն է միջնորդ լինելու, սակայն նրա հետ չի համաձայնեցվել դա: Դա անհասկանալի է: Նրանք, որոնք այլոց ստի մեջ էին մեղադրում, իրենք են սուտ խոսում: Պարոն Իսագուլյանը հայտարարեց, որ տղաներին երբեք որակավորում չի տվել, սակայն հիմա իշխանությունների կողմից բազմաթիվ առաջարկություններից հետո, որ հիվանդներին բուժում է պետք, տղաները չեն ցանկացել իրենց ընկերը ստացիոնար բուժում ստանան. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բարի կամքի դրսեւորման դեպքում ոչ մի վրեժխնդրություն չի լինելու, այլ միայն կիրառվեն օրենքներն ու սահմանադրական նորմերը: Եթե պատիժն էլ կիրառվի, ապա ամենամեղմ տարբերակը պետք է կիրառվեր: Եթե բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես հայտարարում եմ, որ զինված տղաները ահաբեկիչներ են, դրանից հետո իշխանությունները, ուժային կառույցները իրավունք ունեն կիրառելու ցանկացած միջոց պատանդներին ազատ արձակելու: Նրանց նկատմամբ նույնիսկ քաղաքական որոշում պետք է կայացվի: Դրսում գտնվողները, որոնք աջակցում են նրանց, ոչնչով չեն տարբերվում տղաներից, ու նրանք եւս ահաբեկիչ են: Այդ մարդիկ հստակ արյուն են ուզում: Այն համբերությունը, որ այս պահին դրսեւորում են ՀՀ նախագահը, ուժային կառույցները, որ որեւէ նոր արյուն չունենանք, ես կարծում եմ, որ դրա ժամանակը վաղուց սպառվել է: Եթե ես որոշողը լինեի, ես ավելի խիստ կլինեի՝ միջազգային փորձից ելնելով»: Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև Ալեք Ենիգոմշյանի կենսագրությանը՝ դիմելով այն մարդկանց, որոնք հերոսացնում են Ալեք Ենիգոմշյանին։ Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Ժնևում Ալեք Ենիգոմշյանը պատրաստվում էր պայթեցնել ոչ թե թուրքական դեսպանատան շենքը, այլ հայ բարերարի, ինչի արդյունքում էլ կորցրել է ձեռքն ու տեսողությունը։ Ամվողջությամբ՝ տեսանյութով

Հուլիսի 17-ից ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:ՊՊԾ գնդի վրա հարձակման  հետեւանքով  գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր,  4 անձ   վիրավորվել։

7 օր շարունակ Սասնա ծռերի անդամները պատանդ էին պահում ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նրանք ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո որոշվեց, որ պատանդներին ազատ արձակելուց հետո ստեղծվելու է մամուլի կենտրոն: Միայն հուլիսի 23-ին ապստամբները կարողացան հանդիպել լրատվամիջոցների հետ:

Հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդում ծանր գնդացրային վիրավորում է ստացել «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը եւ իրավապահներից մեկը:    Ներկա պահին Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ որդուն՝ Արամին,  վիրահատությունից հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իրավապահները կրակ էին բացել, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բժիշկներին հանձնել գնդի վիրավոր անդամին։ Հենց այդ ժամանակ էլ խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են իրավապահների ձեռքում։

 Հուլիսի 27-ին տարածք մտած «Շտապ օգնության» 4 աշխատողներին «Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տվել դուրս գալ: Խմբի անդամները նշում են, որ իրենց շուրջօրյա բժշկական օգնություն է հարկավոր, ներսում վիրավորներ կան: Իսկ իրավապահները նշում են՝ նրանք պատանդ են: Ավելի ուշ ազատ արձակեցին չորս բուժաշխատողներից մեկին` բուժակ Դավիթ Տոնոյանին։

 Հուլիսի 26-ից կալանավորված են նաեւ ՊՊԾ տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ոտքերի հրազենային վիրավորումներ են  ստացած  Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Այս պահին ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: