Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինքնակամ չի հանձնվել. 7 հոգով հարձակվել են, ծեծել, երբ տեղափոխում էին վիրավորներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
ppc7-1

ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը «Մեդիա կենտրոն»-ում անդրադարձավ ՊՊԾ գունդը գրոհած Սասնա ծռեր խմբի անդամներից Արամ Հակոբյանին։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նա հանձնվել է իրավապահներին։ Հասմիկ Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Երևան քաղաքի ՁՊՎ –ում գտնվող Արամ Հակոբյանի հետ. «Նա մարմնական վնասվածքներ ուներ ու շատ դժվարությամբ էր շարժվում»։ Հասմիկ Սահակյանը փոխանցում է Արամ Հակոբյանի պատմածը՝ ինչ է տեղի ունեցել իրականում։ «Նա նախ ընդգծեց, որ լրատվամիջոցներով հայտարարություն էր տարածվել, որ Հակոբյանն ինքնակամ է հանձնվել: Քիչ առաջ առանձնազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ երբ Պավել Մանուկյանին և իր որդուն վիրավորել էին, ինքը պատգարակով գնացել էր և վիրավորներին տեղափոխում էր ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այդ ընթացքում նա անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են նրա վրա, ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են: Ապա նրան նստեցրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն անգամ իրեն ծեծել են։ Թեև մարմնական վնասվածքներ ուներ, ՁՊՎ-ում հրաժարվել է շտապօգնությունից: Ինքը պաշտոնապես հայտարարում է, որ քրեական հանցագործներ չեն: Ինչպես հայտարարում են՝ դա մեր ազգի համար է, մեր ապահովության համար:  Ու անպայման ցանկանում էր նշել, որ ինքնակամ չի հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ծեծել այն աստիճան են ծեծել, որ անգամ  գլխին են հարվածել, մեջքին, այն դեպքում երբ ողնաշարի խնդիր ուներ: Հնարավոր է, որ կողոսկրի կոտրվածք ունենա կամ ինչ-որ խնդիր, ցանկալի է բժիշկ հրավիրեն»,- ասում է դիտորդական խմբի ղեկավարը։ »