Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովրդի համակրանքը զինված խմբի նկատմամբ ամենեւին պատահական չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
gyurjinyan

Զինված հարձակումը պարեկապահակային ծառայության  գնդի վրա վերածվեց համաժողովրդական շարժման նախեւառաջ իշխանության թույլ տված սխալների պատճառով. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը. «Ժողովուրդը սրտաբաց խոսք չլսեց, հակառակը՝ օպերայում, հարակից տարածքներում զբոսնող մարդկանց շատ հաճախ «հրավիրում էին» ոստիկանություն, և այդ հրավիրելը ուղեկցվում էր բռնությամբ։ Մենք   տեսանք, թե ինչպես են վաստակավոր նկարիչի գլուխը սեղմելով նստեցնում ոստիկանական մեքենա, տեսանք, թե ինչպես են 70-ամյա կնոջը թեւերը ոլորած տեղափոխում ոստիկանություն, այնտեղ կարող էին 50 կամ ավելի այդպիսի կին նստած լինել, նրանք վտա՞նգ են ներկայացնում Հայաստանի համար։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է «հարգելիս» ձեւակերպմամբ , այդ բառն էլ խայտառակ ձեւով արժեզրկվեց»։ Այս ֆոնին ժողովուրդը զգաց, որ իր հետ խոսող չկա, որ ինքն անպաշտպան է.  «Ժողովրդի ներկայացուցիչներից բացի, ոչ մեկը չի քննարկում, թե ինչու այսպես եղավ»։ Լեզվաբանի կարծիքով, զինված ըմբոստությունը իրականում լուրջ հիմնավորում ունի եւ ժողովրդի համակրանքը զինված խմբի նկատմամբ ամենեւին էլ պատահական չէ. «Տարիներ շարունակ ժողովրդի կարծիքը բացարձակորեն անտեսվել է, ժողովուրդը քամահրանքի է արժանացել, մարդիկ աշխատանք չունեն, ընտանիքները կիսված են, 100 հազարավոր մարդիկ հեռացել են։ Եթե այս ամենը վերլուծենք, ապա պարզ կդառնա, թե ինչու մարդիկ ըմբոստացան՝ ոմանք զենքի միջոցով, ոմանք փողոց դուրս գալով, ոմանք գրելով եւ կարծիք հայտնելով»։ Լեզվաբանի դիտարկմամբ, իրավիճակից ելք կարելի է գտնել բացառապես երկխոսության ճանապարհով։ Մինչդեռ, երկխոսությունը չի կայանում ոչ միայն զինյալների եւ իշխանության   միջեւ, այլ նաեւ իշխանության եւ ժողովրդի միջեւ. «Անհրաժեշտ է բանակցել, 21-րդ դարն է, հրամայելով ոչինչ չի ստացվի»։