Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին

Քաղաքականություն
fb66585f0a1fcbbfa42dd39095ee4a54

Իրավունքի եւ ազատության կենտրոնի հայտարարությունը Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը, հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում։ Այդպես եղել է միշտ։ Բայց 2016թ․ հուլիսի 17-ից հետո, երբ Սասնա Ծռեր զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, երկրում սկսվեց ոստիկանության եւ հատուկ ծառայությունների կողմից սանձազերծված մի իսկական տեռոր։ Հայրուրավոր քաղաքացիներ առանց որեւէ հիմքի ու առանց բացատրության բերման ենթարկվեցին։ Նրանցից շատերը ենթարկվել են նվաստացուցիչ վերաբերմունքի ու ծեծի։ Շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել։ Ի թիվս այլոց, հուլիսի 27-ին, բերման է ենթարկվել նաեւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, իր քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ աչքի ընկնող Լևոն Բարսեղյանը, ում գրպանում հայտնաբերված ծալովի դանակը պատրվակ է հանդիսացել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեն ու նրան ձերբակալեն։ Իրավունքի եւ ազատության կենտրոնը դատապարտելով իշխանությունների կողմից սանձազերծված եւ օր-օրի ուժգնացող  կամայականությունները՝ իշխանություններից պահանջում է․ -ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին - ինչպես նաեւ հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի մասնակից մնացած բոլոր ձերբակալվածներին - իշխանություն-ընդդիմության, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունները տեղափոխել օրենքի դաշտ։ Բոլոր անօրինականությունների ու կամայականությունների համար պատասխանատու են իշխանությունները։ Իրավունքի եւ ազատության կենտրոն նախագահ՝ Վարդան Հարությունյան

  1. 29. 07. 2016