Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրիվ կոնցլագեր էր». Արմեն Մարտիրոսյանը հիշում է երեկվա դեպքերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
khorenaci3-4

Ակտիվ քաղաքացիներին բերման ենթարկելով՝ իշխանությունները փորձում են կոտրել շարժումը։ «Սասնա ծռերի» աջակիցների հավաքները համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամները պահանջում են  ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ «Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով»,- հայտարարում է Անդրիաս Ղուկասյանը։ Ինչպես նախորդ օրերին, երեկ էլ բերման էին ենթարկվել  «Սասնա ծռերին» պաշտպանող բազմաթիվ քաղաքացիներ, ընդ որում՝  հավաքը դեռ չսկսած։  Եվ միայն  հավաքի ավարտից հետո է նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Բերման ենթարկվածներից Դավիթ Սանասարյանը նշում է. «Շատ անմարդկային պայմաններ էին բունկերի մեջ՝ շոգ, մարդկանց իրար վրա էին լցնում, վերաբերմունքը շատ վատ էր։ Տարան Ոստիկանության Իսակովի փողոցում գտնվող զորամաս»։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս նրանց մեջ է եղել. «Վայրը, որտեղ տարան, լրիվ կոնցլագեր էր՝ դիմակավորված, համազգեստավորված մարդկանցով, ավտոմատներով, շարքերով։ Մեր պատկերացրած համակենտրոնացման ճամբարից երևի բացակայում էր փշալարը և շների հաչոցը»։ Ժառանգության փոխնախագահին անհանգստացնում է իրավապահ համակարգի գործունեությունը, երբ քաղաքացիներին առաջադրվում են  անհիմն և շինծու մեղադրանքներ։ «Անօրինականություն է երկրում տիրում իշխանության կողմից, այսինքն՝ սահմանադրական կարգերը, իրավական նորմերը գոյություն չունեն, չեն աշխատում, կամայականություն է»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Այսօր էլ ձերբակալվել է Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Նա կասկածվում է հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: Անդրիաս Ղուկասյանը նշում է. «Շատ վտանգավոր է Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը ամբողջ հանրության համար. ինքը հանդիսանում էր կամուրջ ապստամբների ու հանրության միջև։ Ալեք Ենիգոմշյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվի»։ Էրեբունու ՊՊԾ շենքի շուրջ առաջացած իրավիճակը քննարկելու համար ԱԺ  արտահերթ նստաշրջան հրավիրելու  պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը   տապալվել է։ Դրա համար անհրաժեշտ 54 պատգամավորի ստորագրությունից հավաքվել է միայն 19-ը։ Սակայն,   նստաշրջան հրավիրելու հարցը, ըստ Փաշինյանի, մնալու է օրակարգում։