Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեռ վաղ է ասել, որ բժիշկները պատանդ են». փաստաբան

Քաղաքականություն
ppc3-1

«Բժիշկների՝ պատանդ վերցվելու փաստը դեռ պետք է քննվի, եւ հետո միայն ներկայացվի որպես պատանդառություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  փաստաբան Արմինե Ֆանյանը: Նրա խոսքով՝ չի կարելի առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով՝ առանց ստուգելու փաստերը, որ բժիշկները պատանդի կարգավիճակում են գտնվում ՊՊԾ գնդում: «Պատանդ վերցնելն, իհարկե, ինքնին խիստ դատապարտելի է, բայց զուտ տվյալ իրավիճակում դեռ վաղ է նման իրավական գնահատական տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ պատանդ վերցնելը ծանր հանցագործությունների շարքին է դասվում, եւ եթե հաստատվի տղաների արարքի հիմքում այդ հանցակազմը, ապա նրանց բավականին խիստ պատիժ է սպասվում: «Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում մարդասիրական օգնություն ցուցաբերող սուբյեկտների նկատմամբ որեւէ ոտնձգություն կամ պատանդառություն անընդունելի է, անգամ պատերազմի ժամանակ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ պետք է մտածել նաեւ ՊՊԾ գնդում գտնվող տղաների մասին. «Բժիշկների ազատության եւ կյանքի իրավունքը նույնքան կարեւոր է, որքան «Սասնա ծռեր» խմբի տղաներինը: Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության գործառույթն է: Եթե ներսում կան վիրավորներ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն, ապա պետությունը պետք է ապահովի դա»: Արմինե Ֆանյանն անդրադարձավ նաեւ երեկ Խորենացի փողոցում ցերեկվանից սկսված «մարդաորսին»՝ նշելով, որ ականատես եղանք «պարզապես» բերման ենթարկելու փաստին. «Չարդարացված բռնությունը չեմ կարծում, որ որեւէ միջազգային հանրություն ողջունի: Գործ ունենք իրավունքի  մասսայական ոտնահարման հետ: Անձը ճշտելու այլ մեթոդներ կան, քան բռնի ուժ գործադրելը: Որեւէ մեկը նման իրավունք չունի»: Ի դեպ, ասուլիսին պետք է ներկա լիներ նաեւ վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը, սակայն նա ասել է, որ անհետաձգելի վիրահատություն ունի եւ չի կարող ներկա գտնվել: