Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը

Հասարակություն
khorenaci4

Հայտարարություն Հուլիսի 26-ին Խորենացի փողոցից դեպի ՀՀ ոստիկանություն եւ ԱԱԾ իրականացված խաղաղ, բազմամարդ երթը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը ցույց տվեց, որ ապստամբած «Սասնա ծռեր» խմբի առաջ քաշած պահանջները համահունչ են մեր երկրի քաղաքացիների իղձերին: Քաղաքացիները ցուցաբերեցին աննախադեպ ինքնակազմակերպվածություն, բարձր գիտակցություն և վճռական պատրաստակամություն՝ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար: Ի հակառակ դրան, Սերժ Սարգսյանը և նրան դեռ հավատարիմ մնացած ուժային համակարգի մի խումբ ներկայացուցիչները ստոր սադրանք կազմակերպեցին ՊՊԾ գնդի տարածքում: Նրանք դուրս հրավիրեցին ապստամբների ներկայացուցչին՝ վիրավորներից մեկին բուժօգնություն տրամադրելու հարցը քննարկելու համար, սակայն կրակ բացեցին գնդացիրներից՝ ծանր վիրավորելով Պավլիկ Մանուկյանին ու Արամ Մանուկյանին: Այդ ամենը նախաձեռնվել էր հենց այն ժամանակ, երբ խաղաղ երթը վերադառնում էր Խորենացի փողոց: Սերժ Սարգսյանի հաշվարկով խաղաղ ցուցարարները, ստանալով տեղեկություն, որ հարձակում է կատարվում «Սասնա ծռեր» խմբի վրա, փորձ են անելու ներխուժել անվտանգության գոտի: Դրա համար ոստիկանությունը թույլ պատնեշ էր կառուցել Տիգրան Մեծ փողոցի վրա՝ միաժամանակ մեծ ուժեր կենտրոնացնելով դրա թիկունքում: Սերժ Սարգսյանի նպատակն էր այդ օրը հրահրել բախում, որի արդյունքում պետք է զոհվեին քաղաքացիական անձիք, որպեսզի լեգիտիմ հիմք ստեղծվեր երկրում լայնածավալ բռնություն գործադրելու համար: Զսպելով մեր զգացմունքները՝ մենք չտրվեցինք այդ սադրանքին: Սերժ Սարգսյանի հրեշավոր այդ ծրագիրը բնականորեն վնասեց երթը և հավաքը ղեկավարող Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների բնականոն աշխատանքը: Այդ պահին տեղեկատվության պակասի պայմաններում մեր կողմից որոշում կայացվեց կասեցնել հանրահավաքը՝ չեզոքացնելով բախումների ակնհայտ սպառնալիքը: Բնականաբար այդ որոշումը առաջացրեց հանրության դժգոհությունը: Երեկ տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը մերժել է հանրության պահանջը, այն է՝ կարգավորել ճգնաժամը բացարձակապես բանակցությունների միջոցով՝ բացառելով արյունահեղությունը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքացիական գործողությունների նոր ռազմավարության անհրաժեշտությունը հարկադրեց մեզ ընդունել որոշում՝ վերակազմավորել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը: Այս ամենը հիմք է ստեղծում որպեսզի Հայաստանի քաղաքացիները երկիրը արհավիրքից փրկելու համար դիմեն քաղաքացիական անհնազանդության  գործողությունների:   Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ, 27.07.2016թ.