Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն չի փոխի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-7

Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումից հետո ՆԱՏՕ-ն չի փոխի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ «Հայաստանը չի դառնում թիրախ, քանի որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը կոլեկտիվ անվտանգության վրա է կառուցված, ոչ թե կոլեկտիվ հարձակվողականության։ Պայմանագիրը ոչ մի կերպ չի կարող ազդել Հայաստանի հետ մեր  գործընկերության վրա»,,- ասում է ՆԱՏՕ/ԳՀԽ Հարավ Կովկասյան կապերի սպա Վիլյամ Լահուն։ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ առաջնային տեղ տալով Վրաստանի հետ համագործակցությանը։ «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» քննարկման ժամանակ հայտարարում է ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավարը։  Դաշինքի՝ Վրաստանի հետ սերտ  համագործակցությունից ըստ նրա՝ պտուղներ կարող է քաղել նաև Հայաստանը։ «ՆԱՏՕ-ի Վրաստանում գտնվող ուսումնական և գնահատման կենտրոնը տեղ կտա Հայաստանին և ձեր երկրի պաշտպանական միավորումները կկարողանան մասնակցել այդ կենտրոնի ուսումնական և վերլուծական ծրագրերին։ Նոյեմբերին կլինի համատեղ վարժանք, որին մասնակցելու համար հրավիրված է նաև Հայաստանը»։ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովից հետո Ռուսաստանն այլևս դիտարկվում է ոչ թե բարեկամ, այլ պարզապես գործընկեր։ Ի պատասխան այդ երկրի օրեցօր ագրեսիվացող քաղաքականության, ՆԱՏՕ-ն կշարունակի ուժեղանալ Արևելյան Եվրոպայում՝ առաջիկայում նոր ուժեր տեղակայելով Մերձբալթյան երկրներում ու Լեհաստանում։ «ՆԱՏՕ-ն իր ներկայությունը չի համարում սպառնալիք Ռուսաստանի համար։ ՆԱՏՕ-ն բազմիցս փորձել է Ռուսաստանին բացատրել, որ դաշինքի բալիստիկ հրթիռային պաշտպանությունը ի վիճակի չէ հակահարված տալ Ռուսաստանի ռազմավարական միջուկային հրթիռներին։ Մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք առավելապես ապագա համագործակցության վրա»,- նշում է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերը։ Ռուսաստանը սեփական խաղն է խաղում նաև Հարավային Կովկասում։ Սպառազինելով Ադրբեջանին՝ այդ երկիրն ամեն կերպ փորձում է Հայաստանին հետ պահել ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից։ «Արդեն իսկ պետք է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին և ինչու չդիմել ՆԱՏՕ անդամ երկրներին՝ նրանցից սպառազինություններ ստանալու խնդրանքով, բայց դա անելու համար առաջինը պետք է սկսել Հայաստանի ապագաղութացման գործընթացը»,-կարծում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։ Դաշինքի ներկայացուցիչն էլ իր հերթին պնդում է՝ ՆԱՏՕ-ի դռները մշտապես բաց են նոր անդամների դիմաց։