Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները Արմենչիկին թող բերեն՝ բանակցի» (տեսանյութ)

Հասարակություն
martirosyan

Եթե իշխանությունը  շարունակի վիրավորների կամ զոհերի գնով զինված խմբին չեզոքացնել, նոր գործողությունների վտանգը կպահպանվի. գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը չի բացառում, որ այդ դեպքում գործողությունները կլինեն  առավել արմատական. «Իշխանությունը պետք է դիտարկի սա որպես հանրության հետ երկխոսության մեջ մտնելու առիթ, հանրության մեջ եղած տրամադրությունները ոչ թե բռնի կերպով մարելու, այլեւ երկխոսության մեջ մտնելու հնարավորություն»։ Վ. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հասունացած պահանջ է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները Սերժ Սարգսյանը պարտավորություն ստանձնի չստորագրել ԼՂՀ խնդրին վերաբերող  որեւէ փաստաթղթի տակ. «Մեզ պետք է լեգիտիմ իշխանություն, որը կկարողանա ռազմական դաշնակցին ասել՝ զենք ես խոստացել՝ տուր, քանի որ մեզ պատերազմ է սպասվում։ Իշխանություն, որը կկարողանա ռազմական դաշնակցին ասել՝ եթե քո ողջ քաղաքականությունն ուղղված է մեր ինքնիշխանությունը ճնշելուն, ուրեմն մենք իրավունք ունենք ընտրելու այլ ռազմավարական դաշնակից։ Պետք է պահանջներ դրվեն սառեցվելու բոլոր գործընթացները՝ մինչեւ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններ»։ Հրապարակախոսը հիշեցնում է նաեւ, որ իրադարձությունները տեղի են ունեցել հողերի հանձնման մասին խոսակցությունների ֆոնին, եւ կատարվածը լուրջ ազդակ է իշխանությանը, որպեսզի վերջինս չանի քայլեր, որը կարող է  վտանգել Հայաստանի ապագան՝ գլոբալ առումով։ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ընդգծում է, որ Հայաստանը փաստացի անկախ չէ. «Կարելի է  նկարել մեր երկաթգծի վիճակը եւ ցուցադրել, թե ինչպես են մեզ վերաբերվում մեր դաշնակիցները»։ Անդրադառնալով  իշխանության եւ զինյալների միջեւ բանակցություններին, նախկին պատգամավորը ընդգծում է, որ երկուսն էլ փակուղի են մտել,  քանի որ որեւէ կողմ պատրաստ չէր հարցը լուծել առանց արյունահեղության։ «Վերջնագրեր են դրված եւ իշխանության եւ զինյալների կողմից։   Հայաստանում հեղինակությունների բացակայությունը հանգեցրեց նրան, ինչ եղավ այս գիշեր։ Արյունահեղությունը հասարակության լուրջ պարտություն էր, որ պետք է չլիներ։ Պետք է գտնվեին մարդիկ, ովքեր կառաջարկեին լուծումներ»։ Վահրամ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ կատարվում է հեղինակությունների հետեւողական ոչնչացում. «Ինչի իշխանությունները չեն բերում Արմենչիկին, թող բերեն թող բանակցի, վաստակավոր արտիստի կոչում եք տվել, դա է ձեր մտավորականության չափանիշը։ Մնացածին էլ էնքան եք նվաստացրել, որ որեւէ մեկը հանդգնություն չունեցավ ձեր երեսին շպրտելու ձեր տված կոչումը, արդյունքում իրենք այլեւս մտավորական չեն, հանրային դեմք չեն եւ խոսք ասելու իրավունք չունեն»։ Ազատ Արշակյանի կարծիքով՝ պետք է ձեւավորել հանրային վստահության խորհուրդ, որն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ կմշակի։