Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում չկա այլևս այդքան արյուն, որը անխնա ձևով թափվի»

Հասարակություն
Mehrabyan-nkar

Վերջին օրերին Էրեբունու ՊՊԾ շենքի մոտ ապստամբների ու ոստիկանության միջև փոխհրաձգության արդյունքում կան վիրավորներ։ Իրավիճակը սրվեց հատկապես բանակցությունների փաստացի դադարելուց հետո։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի վստահեցմամբ՝ ապստամբների հետ կրկին երկխոսություն սկսելը կարող է կանխել ծանր հետևանքները։ «Նոր արյունահեղությունը գրգռելու է ամբողջ հասարակությանը, ի վերջո՝ մեր փոքր երկրում չկա այլևս այդքան արյուն, որը անխնա ձևով թափվի՝ հանուն ինչի՞  պարզ չէ։ Իշխանության անելիքն է այս ամեն ինչը տանել քաղաքական ուղի, մենք լուրջ քաղաքական ճգնաժամի առաջ ենք կանգնած, այս հարցերը քաղաքական են և կարող են ունենալ միայն և բացառապես քաղաքական լուծում»։ Քաղաքագետի պնդմամբ՝ ամենաանցանկալի տարբերակը կլինի այն, որ Հայաստանը վերածվի մերձավորարևելյան մի երկրի, որտեղ հարցերը հրաձգությամբ են լուծվում։ Նա իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ այն մեթոդներից, որոնք տանում են խիստ անցանկալի իրողության. «Դա նաև մեր հասարակության թուլությունն է, որ մենք չենք կարողանում խաղաղ ճանապարհով իշխանություններին ստիպել ծառայել պետությանը»։ Քաղաքագետը գնահատական է հնչեցնում նաև իրավապահ համակարգի՝ այս օրերի գործունեության վերաբերյալ, երբ փաստաբաններին թույլ չեն տալիս բաժանմունքներում պաշտպանել քաղաքացիների շահերը։ «Իրավապահ, դատաիրավական համակարգը կարելի է ասել, խայտառակ իրավիճակում է, ռեֆորմների մասին խոսակցությունը ինչպես ցույց են տալիս դեպքերը, միայն խոսակցություններ են։ Այդ համակարգը մնում է պատժիչ գործիք, գործադիր իշխանության կցորդ»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։