Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» վիրավոր անդամը փաստաբանին չի լիազորել

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում որևէ տեղեկություն չհայտնեց իր պաշտպանյալ՝  «Սասնա ծռեր» խմբավորման  անդամ Հովհաննես Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին։ «Մեզանից ստորագրություն են վերցրել նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին։  Իմ պաշտպանյալն էլ ինձ չի լիազորել որևէ բան հայտնել»,- պատասխանեց Լյուդվիգ Ավետիսյանը։ Գիշերը ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով խմբավորման անդամներից երկուսը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղ նախաքննական մարմինը նրանց փաստաբաններին թույլ չի տվել տեսակցել  նրանց հետ։ Մինչդեռ Լյուդվիգ Ավետիսյանի դեպքում նման խնդիր չի ծագել։ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում այս կապակցությամբ պարզաբանեց, որ Հովհաննես Հարությունյանն է խնդրել իրեն հանրային պաշտպան տրամադրել, հետևաբար նախաքննական մարմինը գրություն է ուղարկել  Հանրային պաշտպանի գրասենյակ։ Հանրային պաշտպանի գրասենյակն էլ  որոշում է կայացրել Հովհաննես Հարությունյանին հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ, ուստի,  Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ,  ՔԿՎ վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ խոչընդոտելու Հովհաննես Հարությունյանի և Լյուդվիգ Ավետիսյանի տեսակցությունը։ Ի դեպ,  մամուլը, հղում անելով  Լյուդվիգ Ավետիսյանին, գրել էր, որ  Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով։: 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: