Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՔՊ-ն չէր եկել այնտեղ դափնիներ  վերցնելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik-1

Խորենացու փողոցում Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակիցների հարթակից  հեռանալուց հետո արձանագրվել են միայն անկումներ։  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր  կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը՝  շեշտելով, երբ իրենք էին հարթակին, արձանագրվել են   միայն վերելքներ. «Համախմբվածության առումով, մարդկանց թվաքանակի առումով, ներգրավվածության առումով: Երեկվա երթի վերաբերյալ թույլ տվեք գնահատականներ չտալ, քանի որ երթերն այդպիսի տրամաբանության մեջ են լինում, որ որոշակի համախմբվածություն են առաջացնում: Երթից առաջ, որ հանրահավաքը տեղի էր ունենում, այնքան էլ բազմամարդ չէր»: Ըստ նրա՝  որոշ  հարցերի պարզաբանումից հետո իրենց ակտիվությունը կարող է նոր մակարդակի անցնել. «Դրանցից առաջինն ու ամենակարեւորը պայքարի ոչ բռնի բնույթի վերաբերյալ է. սիմվոլների խնդիր է այստեղ՝ բաց ձեռքերի՞, թե բռունցքների պայքար, եւ նաեւ՝ մենք որոշակի պարզաբանման կարիք ունենք՝ կապված այն բանակցային գործընթացի հետ, որ տեղի է ունենում Ժիրայր Սեֆիլյան-Սերժ Սարգսյան-«Սասնա ծռեր» եռյակի շուրջ: Այստեղ լուրջ ինֆորմացիոն վակուում կա»: Պարոն Հարությունյանը լուրջ չի վերաբերում այն խոսակցություններին, թե ՔՊ-ն Խորենացի փողոցում նախընտրական քարոզարշավ է սկսել. «ՔՊ-ն չէր եկել այնտեղ դափնիներ  վերցնելու, այդ շարժումն ինչ-որ այլ ուղղությամբ տանելու: Այն սկզբունքները, որոնք առաջ են քաշել «Սասնա ծռեր»-ի տղաները, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու դրան հետեւող գործընթացները, ՔՊ-ն բացառապես այս տրամաբանության մեջ է գործել»: Իր վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ի հետ որոշակի տարաձայնությունների պատճառով հավաքի հարթակը հանձնում է Ալեք Ենիգոմշյանին եւ մյուսներին, սակայն չի հեռանալու Խորենացի փողոցից՝ փորձելով բացառել հնարավոր արյունահեղությունը: Արդյոք ՔՊ-ն նորից կմիանա՞ հարթակում գտնվող ուժերին. «Այս պահին սկզբուքային հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններ կան հարթակում գտնվողների հետ: Այնտեղից քննադատություն է հնչել մեր սկզբունքների շուրջ, եւ քանի դեռ այս հարցը չի լուծվել, դժվար եմ պատկերացնում նման իրավիճակ»: Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այս պահին հարթակը պետք է ունենա հստակ քաղաքական մեսիջներ, պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, որից հետո Խորենացի փողոցը կլինի էլ ավելի բազմամարդ, իսկ իշխանությունների հետ բանակցությունները կդառնան անիմաստ, քանի որ հրապարակը կլինի թելադրող: