Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարօրինակ է «Ալյանս»-ի միանալը ուլտրառադիկալ խմբավորման պայքարին»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styopa

«Ալյանս» կուսակցությանը բերելով հրապարակ՝ ուզում են բերել մարդկանց, որոնք համապատասխան ֆունկցիա կկատարեն երթերի եւ ցույցերի ժամանակ. վստահ է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Նա  հորդորում է չմոռանալ, որ այդ կուսակցության  առաջնորդը ազգակցական կապեր ունի ԱԱԾ պետի հետ. «Շատ հետաքրքիր է, որ փողոցային հեղափոխությանը, զինված ապստամբությանը միանում է մի մարդ, որը ժամանակին դեմ էր փողոցային հեղափոխություններին, ասում էր՝ Հայաստանին պետք է  գիտակցության հեղափոխություն: Այժմ շատ տարօրինակ է, որ երբեւիցե հեղափոխության ջատագով  չլինելով, երբեւիցե հստակ ընդդիմադիր դիրքով հայտնի չլինելով՝  հանկարծ միանում է ուլտրառադիկալ խմբավորման պայքարին»: «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ ինքը չի միանում պայքարին, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Նախ ես միշտ չէ, որ Երեւանում եմ եղել, Տավուշում եմ եղել, բայց երբ եկել եմ, այցելել եմ Խորենացի»: Իսկ իր հարթակից ելույթ չունենալը նա բացատրեց այսպես. «Ես զինված ապստամբության կողմնակից  չեմ, եւ մասնագետ չեմ, ես չեմ  կարող բարձրանալ հարթակ եւ պաշտպանել մի բան, որը ես ինքս չեմ պատկերացնում։ Ես կարող եմ  համաձայնել «Սասնա ծռերի» պահանջների հետ, բայց ավելին ես չեմ կարող անել,  հատկապես, որ ես հասկանում եմ՝  Խորենացիի հարթակը ինչ-որ չափով շարունակությունն է տղաների  սկսած պրոցեսի»: Քաղաքագետը համամիտ չէ, որ միակ ելքը  զինված ապստամբությունն է. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչը իրավունք չունի ասել, որ այլ ելք չկա: Քաղաքականությունը հենց նրա համար է, որ լուծումներ գտնեն: Շատ հեշտ է ասել՝ այլ ելք չկա: Խաղաղ անհնազանդության օրինակներ շատ են եղել, մեր երկիրը այնքան վատը չի, որ բոլոր տեղերում լինի՝ մեր մոտ չլինի: Ամեն ինչում հեշտ է ասել Սերժն է մեղավոր, նրա վարած քաղաքականությունն է  մեղավոր,  ես կարծում եմ՝ պատասխանատվության որոշ չափ կրում է նա, ով ղեկավարում է պրոցեսը, առնվազն քաղաքական պատասխանատվություն»: Ստեփան Սաֆարյանը այս պայքարում իրեն պատկերացնում է միայն հարթակի ներքեւում՝ ժողովրդի շարքերում, որպեսզի թույլ չտա ուժի կիրառում. «Ժողովրդին կպաշտպանեմ, ես  իմ ֆունկցիան դրանում եմ տեսնում, ես պետք է ոչ ուժային լուծումներ առաջարկեմ, ինչը եւ անում եմ»: