Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը պետք է փորձի խաղալ «Սասնա ծռերի» հետ՝ բալանսը պահելով» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ter-gabrielyan

Հայաստանում ստեղծված իրադրությունը ինչ-որ տեսակետից կարելի է մեկնաբանել հոգուտ վարչակարգի։ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է տալիս դրսին ասելու, որ հիմա Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում լուրջ զիջումների գնալ չի կարող։ «Հիմա հարցն այն է, թե ինչպես կվերաբերվի վարչակազմը իրադրությանը։ Եթե նրա խաղն այդ է, ապա նա պետք է ճնշի իրադրությունն այն աստիճան, որ իրադրությունը, ընդվզումը  չհանգի։ Եթե վարչակազմը գնա ապստամբությունը ջախջախելու ճանապարհով,  ապա արեւմուտքը շատ տհաճ մոտեցումներ կսկսի ցուցաբերել։ Փաստորեն, դա կնշանակի Զախարովայի կամ նրա խորհրդատուների խորհրդին հետել։ Հայաստանը էլ ավելի կդառնա Ռուսաստանի մաս եւ ավելի քիչ ռեսուրս կունենա բանակցելու Ղարաբաղյան հարցում»։ Միաժամանակ, ըստ Տեր- Գաբրիելյանի, եթե իշխանությունը թույլ տա, որ իրադրությունը դուրս գա սահմաններից, ապա դա արդեն վտանգ է վարչակարգի համար. «Իշխանությունը պետք է փորձի խաղը խաղալ՝ բալանսը պահպանելով»։ Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրադրությանը ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արձագանքներին՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյանն ընդգծեց, որ իրադրությունը մեկնաբանելու համար չպետք է օգտագործել կարծրատիպեր եւ վարվող քաղաքականությունը համեմատեց բարդ շախմատի հետ, որտեղ ոչ թե մեկ գրոսմայստերը խաղում է մի խաղացողի հետ, այլ յուրաքանչյուր խաղացող խաղում է մի քանի տախտակի վրա: «Օրինակ, Պուտինը խաղում է Ալիեւի, Արեւմուտքի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ալիեւը խաղում է նույն խաղացողների հետ: Սերժ Սարգսյանը խաղում է Պուտինի, Ալիեւի, Արեւմուտքի հետ եւ «Սասնա ծռերի», ժողովրդական շարժման հետ: Նա ունի ավել տախտակներ այս իրադրության մեջ։ Եթե Զախարովայի խոսքն ենք վերցնում, որպես Պուտինի վարչակարգի դիրքորոշում, ապա իրադրությունը շատ պարզ է դառնում: Պուտինը Ադրբեջանից մի բան է ուզում, Ադրբեջանն ասում է՝ դե, մի նվեր տուր, ես այդ բանը կանեմ: Պուտինը Սերժ Սարգսյանին ասում է՝ մի նվեր տուր, իսկ Սերժ Սարգսյանն Արեւմուտքին ասում է՝ Պուտինին ասեք, որ չեմ կարող, որովհետեւ այստեղ այսպիսի իրադրություն է: Եթե այդպիսի քայլ արեցի՝ իմ վարչակարգը կարող է գնալ, փոխարենը կարող է շատ ավելի վտանգավոր վարչակարգ գա կամ քաոս սկսվի»: Անդրադառնալով հանգուցալուծմանը՝ Տեր Գաբրիելյանն ընդգծեց, որ տեսնում է բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում նա հիշեցնում է 1988-89 թ-ի իրադրությունները,  երբ Կարեն Դեմիրճյանը հեռացավ, նույն կերպ վարվեց նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանը։ Չպետք է բացառել նաեւ բիրտ եւ վայրի տարբերակները։ Սակայն հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա, քանի որ դա որեւէ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ վարչակարգին։